Ռազմավարական հաղորդակցություն մաս 1

Ռազմավարական հաղորդակցություն մաս 1


1․ Հաղորդակցության տեսություն

2․ Նախնական պատկերացում ռազմավարական հաղորդակցության մասին

Մինչ ռազմավարական հաղորդակցության մասին խոսելը՝ նախ հասկանանք, թե ինչ է  ենթադրվում հաղորդակցություն հասկացության տակ՝ որպես կատեգորիա։ Խոսելով հաղորդակցության գործընթացի մասին՝ պետք է հաշվի առնենք, որ դա ոչ զրույց է, ոչ սովորական երկխոսություն, ոչ էլ առավել ևս մենախոսություն։

Հաղորդակցության գործընթացը, ինչպես կարելի է ենթադրել, առնվազն 2 կողմ է ենթադրում․ ստացող և ուղարկող։ Ուղարկող կողմը առաքում է ուղերձը իր կոդավորմամբ, ստացողը ստանում է և ապակոդավորում։ Ուշադրություն դարձնենք ապակոդավորում արտահայտությանը, ինչ ենք այստեղ հասկանում։ Յուրաքանչյուր մարդ, որը ներգրավված է հաղորդակցության մեջ, անհատականություն է՝ իր առանձնահատկություններով, գիտելիքների մակարդակով, մշակույթով, ավանդույթներով, ինչու ոչ՝ նաև կարծրատիպերով ու նախապաշարմունքներով։ Եվ թե ինչպես է ստացողը ընկալում ուղարկողի ուղերձը, կախված է այս և համանման այլ գործոններից, որոնք պայմանական բառով հաղորդակցության մեջ կոչում ենք «աղմուկ»։ Այս «աղմուկը» ներառում է հաղորդակցության գործընթացի վրա ազդող հնարավոր ամեն ինչ։ Եվ որպեսզի ամբողջացնենք հաղորդակցության գործընթացը, մնում է ավելացնել ամենակարևոր բաղադրիչը՝ հետադարձ կապը․ առանց հետադարձ կապի՝ չկա հաղորդակցություն, այլ կերպ դա քարոզչություն է, կամ մենախոսություն։

Պատկերացրեք դուք խոսում եք մի լսարանի առաջ, որը ոչ մի կերպ՝ ոչ ժեստերով, ոչ խոսքային միջոցներով, ոչ դիմախաղով, արձագանք չի տալիս։ Եվ դուք հնարավորություն չունեք հասկանալու՝ լսարանը ինչպես ընկալեց ձեր ասածը, արդյո՞ք հետաքրքիր էր, արդյոք նա պատրաստ է կատարել այն գործողությունները, որոնք ակնկալում ենք այս հաղորդակցության գործընթացը կազմակերպելիս։Այլ կերպ ասած՝ մեր հաղորդակցության նպատակներին հասանք, թե ոչ։ Իսկ թե ինչու են կարևոր հաղորդակցության նպատակները, կխոսենք մեր դասախոսության հաջորդ մասերում, երբ խոսելիս լինենք ռազմավարական հաղորդակցության մասին։

Երբ ուսումնասիրում ենք հանրային հաղորդակցությունը, կարող ենք հանդիպել դրա տարբեր սահմանումների, որոնք ուղղությունը բնութագրում են այս կամ այն կողմից՝ ըստ ոլորտի, հաղորդակցություն նախաձեռնողի գործունեության նպատակների, միջավայրի։ Սակայն բոլոր սահմանումներում մի բան ընդհանուր է. Հանրային հաղորդակցման կառավարման նպատակն է հաղորդակցություն նախաձեռնողի (անհատ, կազմակերպություն, պետական կառույց եւ այլն) եւ նրա լսարանի միջեւ փոխվստահության եւ փոխհամաձայնության մթնոլորտ ձեւավորելը։

Հանրությանը շատ հայտնի PR եզրույթը, շատ է հեռացել իր բուն իմաստից, աղավաղվել և նույնիսկ իմաստի շրջում է ապրել, այսինքն՝ այդ փոխհամաձայնության և փոխվստահության մթնոլորտը ձևավորելուն ուղղված լինելը այժմ հանրային խոսույթում ընդհանրապես չի գիտակցվում, այլ ավելի շատ դրա մանիպուլատիվ լինելն է շեշտվում, հասարակությանը մոլորեցնելու գործիք է դիտարկվում։ Համացանցում պարզ փնտրում անելով էլ կհանդիպենք PR եզրույթի կիրառման նման դեպքերի՝ «PR անել», «սեփական PR-ի համար» և այլն։ Էլ չեմ խոսում մասնագետներին տրվող «պիտակների» մասին՝ «PR-շիկ»։ Այսինքն՝ մենք ականատես ենք ենք լինում մի երևույթի, երբ իսկզբանե հասարակությանը միավորելուն ուղղված երևույթը շրջանառվում է որպես հասարակությանը բաժանող, անջրպետներ սահմանող, մանիպուլացնողմանիպուլացվող համատեքստում։

Պետք է հիշել, որ տասնամյակներ շարունակ PR-ը գիտակցվել է որպես հանրային կարծիքը կառավարելու միջոց եւ նույնացվել քարոզչության հետ, այսինքն՝ նույն քարոզչական տեխնոլոգիաներն են կիրառվել հանրության, թիրախ լսարանի հետ հարաբերություններում։ Բայց անգամ այդ շրջանում եւ այդ ընկալմամբ PR-ը չի գիտակցվել որպես միակողմանի գործընթաց։

PR-ի զարգացմանը զուգընթաց՝ այս մոտեցումները փոփոխվել են։

Այսպես՝ միակողմանի տրամաբանությանը աստիճանաբար փոխարինելու են գալիս երկկողմանի մոտեցումները։ PR-ի զարգացման այս տրամաբանությունը ամփոփված է Ջեյմս Գրունիգի եւ Թոդ Հանթի առաջարկած 4 մոդելներում՝ որտեղ միակողմանի եւ քարոզչություն հիշեցնող մոտեցումներին աստիճանաբար փոխարինելու են գալիս երկկողմանի՝ լսարանի հետադարձ կապը հաշվի առնող մոդելները։ Ջ. Գրունիգն ու Թ. Հանթը առաջարկում են հետեւյալ 4 մոդելները՝ 

1. Մեդիա գործակալություններ. միակողմանի հաղորդակցություն, այս մոդելի հիմքում հենց քարոզչությունն է ընկած, «ամբողջական ճշմարտությունը կարեւոր չէ»,

2. Հանրային տեղեկատվություն, միակողմանի հաղորդակցություն, տեղեկատվության տարածում, «ճշմարտությունը կարեւոր է», 

3. Երկկողմանի անհամաչափ, այստեղ չնայած արդեն հետադարձ կապը կարեւորվում է, բայց այն դեռեւս հավասարակշռված չէ, տեղեկատվությունը փոխանցողը գերիշխող է

4. Երկկողմանի համաչափ. սա արդեն հիմնված է փոխադարձ ըմբռնման, հասկացվածության վրա։

Էդվարդ Բեռնեյսը, որը PR-ի «նախահայրերից» է, իր «Հանրային կարծիքի բյուրեղացում» աշխատության մեջ անդրադառնում է այս հարցին եւ հանրային կարծիքի վրա ազդեցություն գործելու համար պարտադիր համարում լսարանի աջակցությունը. «Լավ PR-ը ենթադրում է ոչ միայն բառեր, այլեւ գործողություններ, որոնք կարժանանան հանրային աջակցության, եւ կրթական միջոցառումներ՝ հանրությանը այդ գործողություններին ծանոթացնելու համար»։

Այս գրքի առաջին հրատարակությունը 1923-ին է եղել. նկատենք, որ դեռեւս հարյուր տարի առաջ արդեն PR-ը, այնուամենայնիվ, ընկալվում էր քարոզչությունից, գովազդից եւ համանման գործողություններից տարբեր մի բան։

Հանրային աջակցության գաղափարը դրված էր այդ ձեւակերպման մեջ եւս։ Իսկ հանրային աջակցությունը հենց ինքը փոխվստահությունն է ու փոխհամաձայնությունը։ Որի ձևավորման համար անհրաժեշտ են համակարգված գործողություններ, որոնք ուղղված են հաղորդակցության նպատակին։

 

Օժանդակ նյութեր

Crystallizing Public Opinion

The Public Relations

Паблик Рилейшнз

Տարածել