Հաղորդակցության ռազմավարության մասին դասախոսության ընթացքում մենք պայմանավորվեցինք, որ կանդրադառնանք ուղերձներին առանձին դասախոսությամբ։ Ուղերձ ասելով՝ մենք հասկանում ենք հաղորդակցության բովանդակությունը։ Ի՞նչ ենք մենք ուզում թիրախ լսարանին ասել, ինչպե՞ս ենք մենք խոսում այն խնդիրների և մեր ցանկացած փոփոխության մասին։ Այս դասախոսության ընթացքում մենք կծանոթանանք ուղերձների ձևակերպման մի մոդելի՝ որը կոչվում է արժեքահեն հաղորդակցություն, այսինքն՝ արժեքների վրա հիմնված հաղորդակցություն։
Բայց եկեք սկսենք սկզբից, ինչպե՞ս ենք մենք հիմա խոսում մարդու իրավունքների և սոցիալական խնդիրների մասին։ Մարդու իրավունքների ցանկացած թեմայի շուրջ շատ արագ որոնումը Գուգլով մեզ բերում է վերնագրերի մի շարք, որտեղ մենք մի առանձնահատկություն ենք տեսնում․ մենք մեծապես խոսում ենք խնդրի մասին, բարձրաձայնում ենք իրավունքի խախտումների մասին, արձանագրում ենք մտահոգիչ փաստերը։ Այս ամենի հիմքում ընկած է համոզմունքը, որ մարդկանց վերաբերմունքը խնդիրների նկատմամբ պայմանավորված է, նրանով, թե որքան են նրանք տեղեկացված/իրազեկված խնդրի մասին։ Այսինքն, մարդը ռացիոնալ է և միայն փաստերը ներկայացնելով, մարդիկ կհասկանան խնդրի կարևորությունը, և որքան շատ մարդ և որքան շատ իմանան խնդրի մասին, այդքան ավելի մեծ կլինի փոփոխության հասնելու հավանականությունը։
Սակայն, կարծում եմ, դուք էլ ձեր առօրյայում նկատած կլինեք իրավիճակներ, երբ զրուցակցին ներկայացնում եք փաստեր, բայց նրան այդպես էլ չեք կարողանում համոզել։
Այս հարցով մտահոգված սոցիոլոգները, հոգեբանները, հաղորդակցության մասնագետները իրականացրել են բազում հետազոտություններ, և եկել են մի համոզման․ փաստը ներկայացնելը բավարար չի։ Փաստերը մեկնաբանվում են ըստ մարդու արժեքների, աշխարհայացքի և համոզմունքների։ Երբ փաստը չի համապատասխանում մեր աշխարհայացքին մենք ունենում ենք հետևյալ երեք տարբերակներից մեկը․
1) փաստը փոխում և հարմարեցնում ենք մեր աշխարհայացքին,
2) անտեսում ենք փաստը,
3) ընկալում ենք որպես սպառնալիք, չենք ընդունում կամ էլ անգամ հարձակվում ենք փաստի վրա։
Վառ և թարմ օրինակ է պատվաստումների հարցը, որքան էլ փաստեր են ներկայացվում, միևնույն է, եթե մարդիկ համոզված են, որ պատվաստանյութը չիպավորելու միջոց է, կամ որ պատվաստանյութ ստեղծողներին միայն շահույթն է հետաքրքրում, նրանք քիչ հակված են ընդունել փաստը։
Ի՞նչ է առաջարկում արժեքահեն հաղորդակցությունը այս մարտահրավերը հաղթահարելու համար։ Արժեքահեն հաղորդակցությունն առաջարկում է մարդու իրավունքների կամ սոցիալական խնդիրների մասին խոսելու, ուղերձները կազմելու հետևյալ բանաձևը արժեք + խնդիր + լուծում + գործողություն։
Արժեք
Սկսենք արժեքից։ Արժեքահեն հաղորդակցությունն առաջարկում է, որ նախևառաջ պետք է հիշեցնել ձեր լսարանանին ձեր ընդհանուր արժեքների մասին։ Ի՞նչ է արժեքը։ Արժեքը կյանքի «ինչու»-ն է։ Ի՞նչն ենք մենք ամենաշատը կարևորում կյանքում, ինչի՞ ենք մենք ձգտում կյանքում։ Արժեքները պայմանավորում են մեր համոզմունքները, վերաբերմունքը և գործողությունները։ Դասախոսության օժանդակ նյութերում կարող եք տեսնել հայտնի սոցիալական հոգեբան Շալոմ Շվարցի աշխատանքների վրա մշակված արժեքների քարտեզը։ Այն թե մեր արժեքները այս քարտեզի առավելապես որ կողմում են, զգալիորեն պայմանավորում են մեր համոզմունքները սոցիալական խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ։