Արժեքահեն հաղորդակցություն․ ինչպե՞ս մշակել արդյունավետ ուղերձներ

Արժեքահեն հաղորդակցություն․ ինչպե՞ս մշակել արդյունավետ ուղերձներ

Հաղորդակցության ռազմավարության մասին դասախոսության ընթացքում մենք պայմանավորվեցինք, որ կանդրադառնանք ուղերձներին առանձին դասախոսությամբ։ Ուղերձ ասելով՝ մենք հասկանում ենք հաղորդակցության բովանդակությունը։ Ի՞նչ ենք մենք ուզում թիրախ լսարանին ասել, ինչպե՞ս ենք մենք խոսում այն խնդիրների և մեր ցանկացած փոփոխության մասին։ Այս դասախոսության ընթացքում մենք կծանոթանանք ուղերձների ձևակերպման մի մոդելի՝ որը կոչվում է արժեքահեն հաղորդակցություն, այսինքն՝ արժեքների վրա հիմնված հաղորդակցություն։ 

Բայց եկեք սկսենք սկզբից, ինչպե՞ս ենք մենք հիմա խոսում մարդու իրավունքների և սոցիալական խնդիրների մասին։ Մարդու իրավունքների ցանկացած թեմայի շուրջ շատ արագ որոնումը Գուգլով մեզ բերում է վերնագրերի մի շարք, որտեղ մենք մի առանձնահատկություն ենք տեսնում․ մենք մեծապես խոսում ենք խնդրի մասին, բարձրաձայնում ենք իրավունքի խախտումների մասին, արձանագրում ենք մտահոգիչ փաստերը։ Այս ամենի հիմքում ընկած է համոզմունքը, որ մարդկանց վերաբերմունքը խնդիրների նկատմամբ պայմանավորված է, նրանով, թե որքան են նրանք տեղեկացված/իրազեկված խնդրի մասին։ Այսինքն, մարդը ռացիոնալ է և միայն փաստերը ներկայացնելով, մարդիկ կհասկանան խնդրի կարևորությունը, և որքան շատ մարդ և որքան շատ իմանան խնդրի մասին, այդքան ավելի մեծ կլինի փոփոխության հասնելու հավանականությունը։ 

Սակայն, կարծում եմ, դուք էլ ձեր առօրյայում նկատած կլինեք իրավիճակներ, երբ զրուցակցին ներկայացնում եք փաստեր, բայց նրան այդպես էլ չեք կարողանում համոզել։ 

Այս հարցով մտահոգված սոցիոլոգները, հոգեբանները, հաղորդակցության մասնագետները իրականացրել են բազում հետազոտություններ, և եկել են մի համոզման․ փաստը ներկայացնելը բավարար չի։ Փաստերը մեկնաբանվում են ըստ մարդու արժեքների, աշխարհայացքի և համոզմունքների։ Երբ փաստը չի համապատասխանում մեր աշխարհայացքին մենք ունենում ենք հետևյալ երեք տարբերակներից մեկը․

1) փաստը փոխում և հարմարեցնում ենք մեր աշխարհայացքին,

2) անտեսում ենք փաստը,

3) ընկալում ենք որպես սպառնալիք, չենք ընդունում կամ էլ անգամ հարձակվում ենք փաստի վրա։

Վառ և թարմ օրինակ է պատվաստումների հարցը, որքան էլ փաստեր են ներկայացվում, միևնույն է, եթե մարդիկ համոզված են, որ պատվաստանյութը չիպավորելու միջոց է, կամ որ պատվաստանյութ ստեղծողներին միայն շահույթն է հետաքրքրում, նրանք քիչ հակված են ընդունել փաստը։ 

Ի՞նչ է առաջարկում արժեքահեն հաղորդակցությունը այս մարտահրավերը հաղթահարելու համար։ Արժեքահեն հաղորդակցությունն առաջարկում է մարդու իրավունքների կամ սոցիալական խնդիրների մասին խոսելու, ուղերձները կազմելու հետևյալ բանաձևը արժեք + խնդիր + լուծում + գործողություն։ 

Արժեք

Սկսենք արժեքից։ Արժեքահեն հաղորդակցությունն առաջարկում է, որ նախևառաջ պետք է հիշեցնել ձեր լսարանանին ձեր ընդհանուր արժեքների մասին։ Ի՞նչ է արժեքը։ Արժեքը կյանքի «ինչու»-ն է։ Ի՞նչն ենք մենք ամենաշատը կարևորում կյանքում, ինչի՞ ենք մենք ձգտում կյանքում։ Արժեքները պայմանավորում են մեր համոզմունքները, վերաբերմունքը և գործողությունները։ Դասախոսության օժանդակ նյութերում կարող եք տեսնել հայտնի սոցիալական հոգեբան Շալոմ Շվարցի աշխատանքների վրա մշակված արժեքների քարտեզը։ Այն թե մեր արժեքները այս քարտեզի առավելապես որ կողմում են, զգալիորեն պայմանավորում են մեր համոզմունքները սոցիալական խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ։

Ինչու՞ է սա կարևոր իմանալը, հաղորդակցության ոլորտում հետազոտությունները ցույց են տալիս, որ լսարանը ավելի ընկալունակ է դառնում անծանոթ պնդումներին, արգումենտներին, երբ դրանք ձևակերպվում են ընդհանուր արժեքների շուրջ։ Եթե մենք միայն ներկայացնենք փաստեր, որոնք հակադրվում են լսարանի արժեքներին, կամ ընկալվում են որպես այդպիսին, նրանք հաճախ կանտեսեն փաստերը։ Հաճախ լսարանը չի տիրապետում խնդրի մանրամասներին, և երբ մենք սկսում ենք խոսել դրանց մասին, նրանք կորցնում են հետաքրքրությունը։ Ուստի, արժեքահեն հաղորդակցությունն առաջարկում է սկսել խնդիրների մասին խոսելը՝ կապելով դրանց ընդհանուր արժեքների հետ, որոնք մենք բոլորս կարևորում ենք։ 

Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ երբ մենք մարդկանց հիշեցնում ենք ունիվերսալիզմի և կամեցողության՝ մեր ընդհանուր արժեքների մասին, նրանք ավելի հակված են դառնում  հասկանալ խնդիրը և որևէ բան ձեռնարկել։ 

Այսպիսով, երբ թիրախ լսարանի հետ ցանկանում ենք խոսել որևէ խնդրի շուրջ, սկսեք ոչ թե խնդրից, այլ ձեր ընդհանուր արժեքից։ Օրինակ, կրթությունից դուրս մնացող երեխաների խնդրի շուրջ խոսելիս, պետք չէ միանգամից փաստերի հեղեղ առաջացնել։ Սկսեք նրանից, թե ինչու եք դուք և ձեր լսարանը կարևորում երեխաների ապահով լինելը, երեխաների նկատմամբ հոգատարությունը, երեխաների համար կյանքում իրենց տեղը գտնելու և հաջողելու հնարավորություններ ստեղծելը, և այլն։ 

Խնդիր

Երբ հաստատեցինք, որ մենք և թիրախ լսարանը ունենք ընդհանուր արժեքներ, արդեն կարող ենք անցնել խնդրի ներկայացմանը։ Խնդիրը պետք է ներկայացնել որպես ընդհանուր արժեքների սպառնալիք։ Օրինակ, պետք է ցույց տալ, թե ինչպես է երեխաների՝ կրթությունից դուրս մնալը վտանգում այն արժեքները, որոնք քիչ առաջ թվեցի։

Խնդրի մասին խոսելիս, կարևոր է նաև ցույց տալը, թե որոնք են խնդրի պատճառները։ Օժանդակ նյութերում դուք կգտնեք խնդրրի այսբերգ գործիքը, որը ձեզ կօգնի խոսել խնդրի խորքային պատճառների մասին։ Ինչու է սա կարևոր, մարդիկ հաճախ հակված են մտածելու, որ խնդրի գոյությունը բնական է։ Երբ մենք խոսում ենք պատճառների մասին, մենք ցույց ենք տալիս, որ կան հստակ գործոններ, որոնք պայմանավորում են խնդրի գոյությունը, և կարողանում ենք բացատրել հնարավոր լուծում։ 

Լուծում

Այսինքն, անցնում ենք մեր ուղերձի երրորդ բաղադրիչին՝ լուծում։ Սա անչափ կարևոր բաղադրիչ է։ Մարդիկ հոգնում են միայն խնդիրների մասին լսելուց։ Դա առաջացնում է անզորություն և անգամ անտարբերություն։ Մարդիկ իրավապաշտպաններից, ակտիվիստներից ակնկալում են ոչ թե որ իրենց ասեն, որ ինչ-որ բան սխալ է, այլ որ ցույց տան, թե ինչպես կարելի այն ուղղել, լավացնել։ Ուստի մենք ոչ թե պետք է ցույց տանք, որ դեմ ենք խնդրին, այլ ցույց տանք թե հանուն ինչի ենք պայքարում։ 

Ձևակերպեք ապագայի տեսլականը, որը կլինի, եթե ձեր ցանկացած փոփոխությունները կյանքի կոչվեն։ Կենտրոնացեք ոչ թե պրոցեսի վրա, այլ արդյունքի՝ ի՞նչ է փոխվելու մարդկանց կյանքում, ինչպե՞ս են շահելու ոչ միայն խնդիրը կրողները, այլ նաև ողջ հասարակությունը։ Այսինքն, ոչ թե խոսեք օրենքի/քաղաքականության մասին, այլ դրա արդյունքների։ Այնուհետև ցույց տվեք այդ տեսլականին հասնելու ճանապարհը։ Ի՞նչ կոնկրետ քայլերի հաջորդականություն է անհրաժեշտ։ Ովքե՞ր են պատասխանատու խնդրի գոյության համար։ Ովքե՞ր պետք է գործեն, որոշումնր կայացնեն, որպեսզի լուծումը իրականություն դառնա։ Սա ցրում է անորոշության և անզորության զգացումը։ Օրինակ, կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը լուծելու համար մեզ պետք է հետևյալ քայլերը, կարողությունների զարգացում, մեխանիզմի բարելավում, և այլն։ Խուսափեք բարդ տերմինաբանությունից։ 

Գործողություն

Լուծումը ներկայացնելուց հետո անցնում ենք մեր ուղերձի 4րդ բաղադրիչին՝ գործողություն։ Ձեր թիրախ լսարանի հետ խոսելիս միշտ ունեցոք որոշակի գործողություն, որին կարող եք մղել նրանց։ Լսարանը պետք է իմանա, որ թեկուզ փոքր բայց իր ներդրումը և աջակցությունը կարող է ունենալ խնդրի լուծմանը։  Դա կարող է լինել շատ փոքր, ինչպես օրինակ հետևեք մեր ֆեյսբույան էջին, մինչև շատ ավելի լուրջ՝ օրինակ մասնակցեք ստորագրահավաքին։ Թե ինչպես հասնել մասնակցության այս ցածր աստիճանից ավելի մեծ ներգրավվածության, մենք կքննարկենք մեկ այլ դասախոսության ընթացքում։ Այստեղ պարզապես հիշեք, որ գործողություն մղելը երբեք արդյունավետ չէ, եթե այն հիմնվում է մեղքի զգացողության կամ ամոթի վրա։ «Գործիր հիմա, թե չէ վատ կզգաս ուրիշի տառապանքի համար»-ի փոխարեն, ավելի արդյունավետ է զորեղացնող խոսքը՝ «դու հնարավորություն ունես ճիշտ բանը անելու», «դու կարող ես մաս կազմելու լուծմանը», «․․․մաս դառնալու խնդրի լուծման ուղղությամբ գործող շարժմանը» և այլն։ 

Եկեք ամփոփենք, ուրեմն, արժեքահեն հաղորդակցությունը ելնում է նրանից, որ միայն փաստերի ներկայացնելը բավարար չէ մարդկանց համոզմունքները և վարքագիծը փոխելու համար։ Անհրաժեշտ է մեր ուղերձները լսարանին կառուցել մեր ընդհանուր արժեքների շուրջ։ Արժեքահեն հաղորդակցությունն առաջարկում է ուղերձի մի մոդել, որն ունի 4 բաղադրիչ – հաստատեք ընդհանուր արժեքը, բացատրեք խնդիրը, ներկայացրեք լուծումը և դրա ակնկալվող արդյունքները, և հնարավորություն տվեք լսարանին գործելու և մաս կազմելու լուծմանը։


Օժանդակ ռեսուրսներ

How to Talk About Crime and Justice

A Guide to Hope-based Communications

Framing Equality

Vision, Values, and Voice

Տարածել