Նախորդ դասախոսությունից դուք արդեն գիտեք, որ ռազմավարական հաղորդակցությունն ունի որոշակի կառուցվածք և բաղադրիչներ։ Այս դասախոսության ընթացքում մենք քայլ առ քայլ կքննարկենք այն գործընթացը, որի արդյունքում դուք կարող եք մշակել համապարփակ և արդյունավետ հաղորդակցության ռազմավարություն ձեր կազմակերպության կամ ծրագրի համար։ Հաղորդակցության ռազմավարությունը պլանավորելու համար մենք կարող ենք պայմանականորեն առանձնացնել 7 քայլ․
Քայլ 1. Սահմանել կազմակերպության կամ ծրագրի նպատակները
Քայլ 2. Ընտրել և ուսումնասիրել թիրախ լսարանը
Քայլ 3. Սահմանել հաղորդակցության նպատակները
Քայլ 4. Ձևակերպել ուղերձները
Քայլ 5. Ընտրել հաղորդակցության միջոցները և ուղիները
Քայլ 6. Սահմանել հաղորդակցության գնահատման ցուցիչները
Քայլ 7. Մշակել հաղորդակցության գործողությունների պլանը
Քայլ 1. Սահմանել կազմակերպության կամ ծրագրի նպատակները:
Առաջին հարցը, որ դուք պետք է ինքներդ ձեզ տաք, հետևյալն է․ Ո՞րն է այն փոփոխությունը, որին ձեր կազմակերպությունը կամ ծրագիրը ձգտում է հասնել։ Ի՞նչ խնդիրներ են առկա մեր հասարակությունում, որոնք ձեզ հուզում են։ Արդյո՞ք դուք ուզում եք փոխել մարդկանց վերաբերմունքն ու համոզմունքները որևէ խնդրի վերաբերյալ (օրինակ՝ առողջ սննդի վերաբերյալ), կամ, միգուցե, ձգտում եք հասնել մարդկանց վարքագծի փոփոխության (օրինակ՝ ծխախոտից հրաժարվելը)։ Միգուցե այն խնդիրը, որի շուրջ դուք աշխատում եք հանրային խոսույթում լուսանցքային է կամ թերներկայացված է, այդ դեպքում ձեր նպատակը կարող է լինել հանրային օրակարգ ձևավորելը (օրինակ՝ սեռական կրթության կարևորության վերաբերյալ)։ Ձեր կազմակերպությունը կարող է նաև նպատակ ունենալ փոխելու ինստիտուցիոնալ պրակտիկաները կամ քաղաքականությունները (օրինակ` ուսուցիչների ատեստավորման կարգը)։ Իհարկե, ձեր նպատակները կարող են լինել մի քանիսը և նշված նպատակների որևէ համակցություն։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով եք դուք լավ ուսումնասիրել այն հիմնախնդիրները, որոնք փորձում եք լուծել։
Այս դասախոսության համար որպես օրինակ ես կօգտագործեմ հանրակրթությունից դուրս մնացող երեխաների հիմնախնդիրը։ Պատկերացնենք, որ մեր կազմակերպությունը իրականացրել է ուսումնասիրություններ, որի արդյունքում մենք հասկացել ենք, որ խնդիրը բազմաշերտ է․ նախ կրթության ոլորտի աշխատողները չգիտեն այս խնդրի մասին, երկրորդ՝ հատկապես խոցելի են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, հաշմանդամություն ունեցող երեխաները, և ազգային փոքրամասնությունների երեխաները, երրորդ՝ կան օրենսդրության գործնական կիրառման խնդիրներ՝ այդ երեխաներին բացահայտելու և նրանց դպրոց վերադառնալուն աջակցելու հետ կապված։ Այսպիսով, մեր կազմակերպության առաքելությունն է հասնել նրան, որ որևէ երեխա Հայաստանում դուրս չմնա հանրակրթությունից։ Իսկ մեր նպատակներն են կրթության ոլորտի աշխատողների իրազեկության բարձրացումը, խոցելի խմբերի երեխաների և նրանց ընտանիքների վարքագծի փոփոխությունը, օրենսդրության կիրառման բարելավումը։
Քայլ 2. Սահմանել և ուսումնասիրել թիրախ լսարանը
Անցնենք առաջ։ Մեր հաջորդ քայլը պետք է լինի թիրախ լսարանի ընտրությունը։ Այսինքն, ում հետ ենք մենք կարիք ունենալու հաղորդակցվել մեր նպատակներին հասնելու համար։ Նայենք մեր նպատակներին։ Կարող ենք տեսնել, որ արդեն իսկ ուրվագծվում են որոշակի թիրախ լսարաններ՝ կրթությունից դուրս մնացող երեխաներ, նրանց ընտանիքները, կրթության ոլորտի աշխատողները, քաղաքականություն մշակողներն ու իրականացնողները։ Արդյունքում մենք կարող ենք ունենալ երկար ցուցակ թիրած լսարանների։