Ինչպե՞ս խթանել հանրային մասնակցությունը արշավների միջոցով

Ինչպե՞ս խթանել հանրային մասնակցությունը արշավների միջոցով

Այս դասախոսության ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես են ակտիվիստները, իրավապաշտպանները, հասարակական կազմակերպությունները ներգրավում հանրությանը իրենց գործունեության մեջ։ Առաջին հերթին եկեք սկսենք նրանից, թե ինչու է հանրային համախմբումը, աջակիցների ներգրավումը կարևոր։ 

Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մեր դերը որպես իրավապաշտպաններ կամ ակտիվիստներ։ Այս հարցին ի պատասխան հաճախ ասվում է, որ մենք պետք է հասնենք փոփոխության, բարելավենք մարդկանց կյանքը, և այլն։ Դա իհարկե մեր վերջնանպատակն է, բայց նաև կարևոր է, թե ինչպես ենք հասնում այդ փոփոխությանը։ Այն փոփոխությունը, որը տեղի է ունենում փոքրաթիվ մարդկանց ջանքերով, կարող է նույն հաջողությամբ հետընթաց ունենալ։ Ուստի, մեր դերը պետք է լինի ձևավորել կայուն ազդեցության, որը ոչ միայն կապահովի փոփոխության հասնելը, այլ նաև դրա կայունությունը։ 

Իսկ ո՞րն է այդ ազդեցության աղբյուրը։ Պատկերացրեք, որ 100,000 մարդ ամբողջ երկրում կիսում է ձեր կարծիքը որևէ խնդրի վերաբերյալ։ Բայց, եթե նրանք մնան մեկուսացված և անտեսանելի, նրանք որևէ ազդեցություն չեն կարողանա ունենալ։ Ուստի, ազդեցությունը բխում է ձեր աջակիցների կազմակերպվածությունից։ 

Այս դասախոսության ընթացքում մենք կծանոթանանք որոշ գործիքների, որոնց օգնությամբ դուք կարող եք պլանավորել ձեր աջակիցների համայնքի ձևավորումը։ 

Որպես մեկնարկային կետ, սկսեք ձեր մարդկային ներուժի քարտեզագրումից։ Քանի անդամ ունի ձեր թիմը, կազմակերպությունը, որքան է ձեր կամավորների քանակը, սոցիալական էջերին հետևողներինը, և այլն։ Ինչպիսի աշխարհագրական սփեում ունեք։ Այս ամենը գրանցեք օժանդակ նյութերում ներկայցված աղյուսակի մեջ և սահմանեք ձեր աճի նպատակները։ Ի՞նչ պատկեր եք ձգտում ունենալ մեկ տարի հետո։ Օրինալ, կրկնապատկել սոցիալական ցանցերում հետևորդների թիվը, կամավորների թիվը հասցնել 300-ի, նոր թիմ ձևավորել որևէ այլ քաղաքում։

Նայելով այս թվերին՝ դուք կարող է մտածեք, որ այն լիարժեք չի արտահայտում ձեր աջակիցների իրական պատկերը։ Չէ՞ որ այս մարդիկ ունեն ներգրավվածության տարբեր մակարդակներ։ Այստեղ մեզ օգնության է գալիս «ներգրավվածության բուրգ» գործիքը, որը ձեզ կօգնի սեգմենտավորել ձեր աջակիցներին ըստ իրենց ներգրավվածության աստիճանի։ 

Դիտորդ – հետաքրքրված է խնդրով, կարող է այցելել վեբկայք կամ տեսնել սոցիալական ցանցում հրապարակումները, մասնակցում է ձեր միջոցառումների

Հետևորդ – համաձայնում է ստանալ տեղեկատվություն,տրամադրում է կոնտակտները կամ բաժանորդագրվում է, կարդում և դիտում է ուղղակի հաղորդակցությունը

Աջակցող – մեկանգամյա կամ միանշանակ գործողություն, որն ունի ցածր ռիսկայնություն և չի պահանջում շատ ներդրում։ Կիսվում է բովանդակությամբ սոցցանցերում, մասնակցում ստորագրահավաքին, փոքր նվիրատվություն

Ակտիվիստ – Բազմակի գործողություններ, որոնք պահանջում են ժամանակի, ռեսուրսների, կապերի նշանակալի ներդրում։ Միանում է որևէ խմբի, կամավորություն անում, բովանդակություն է ստեղծում, մեծ կամ պարբերական նվիրատվություններ, 

Առաջնորդ – Շարունակական ներգրավվածություն, ժամանակի, ռեսուրսների և կապերի մեծ ներդրում։ հրապարակումներ է անում արշավի մասին, հանրային ելույթներ ունենում, ակտիվորեն նոր կամավորներ և աջակիցներ հավաքագրում։

Կազմակերպիչ – Առաջնորդում է այլոց, կենտրոնանում է կարողությունների զարգացման, աջակիցների կազմակերպման վրա։ 

Աջակիցների ներգրավվածությունը խթանելու լավագույն միջոցը հանրային արշավների իրականացնումն է։ Հանրային արշավը որևէ խնդրի լուծման նպատակով թիրախային, կազմակերպված գործողությունների համախումբն է։ Արշավի ընթացքում ձեր կազմակերպությունը ձգտում է կենտրոնացնել իր ռեսուրսները և վերածել ազդեցության լծակի ցանկալի փոփոխությանը որոշակի ժամկետում հասնելու համար։ Օրինակ, մեր կազմակերպությունը, որն աշխատում է կրթությունից դուրս մնացած երեխաների հիմնախնդրի լուծման ուղղությամբ, կարող է ունենալ իր ընթացիկ գործունեության տարբեր բաղադրիչներ։ Օրինակ, ծառայությունների տրամադրում, դասընթացներ, հետազոտություններ և այլն։ Բայց ինչ-որ պահի մեր կազմակերպությունը կարող է փորձել համախմբել իր ռեսուրսները և որոշակի ժամանակահատվածում հանրային արշավի միջոցով հասնել նրան, որ որոշում կայացնողներն օրինակ որևէ օրենսդրական փոփոխություն իրականացնեն։  

Այն թե ինչպես մենք կարող ենք այս օրինակում ազդեցություն ունենալ որոշում կայացնողների վրա, կախված է նրանից, թե ինչպիսի ռեսուրսներ ունենք մենք և մեր աջակիցները։ 

Կարծիք/ձայն – զանգել, նամակ գրել որոշում կայացնողներին, մասնակցել ստորագրահավաքի, ցույցերի, կազմակերպել քննարկում ընկերների, հարևանների հետ

Հարաբերություններ – հրապարակումներ սոցիալական մեդիայում, ընկերներին բերել ցույցի կամ որոշում կայացնողների հետ հանդիպմանը, հրավիրել ընկերներին միանալ կազմակերպությանը/արշավին կամ տեղական նախաձեռնությանը

Քվեարկել – քվեարկել, կազմակերպել և ուղորդել մյուս ջակիցներին

Փորձառություն – գրել թե ինչպես է խնդիրը ազդում/ազդել նրանց վրա,կիսվել պատմությամբ ցույցի ընթացքում, հրավիրել որոշում կայացնողներին, ազդեցիկ անձանց խմբային քննարկումների 

Ստեղծարարություն-հմտություններ – մասնակցել վիդեո-արշավի, գրել արշավի սլոգան կամ երգ, պոստեռ սարքել, ֆոտո ուղարկել, խնդիրը արձանագրել և բարձրաձայնել

Նյութական ռեսուրսներ – նվիրատվություն, սարքավորումներ, պոստեռներ/տրաֆարետներ բերել ցույցի, հանդիպումների անցկացման վայր տրամադրել իր տանը/գրասենյակում

Այս ռեսուրսները ազդեցության վերածելու համար մենք պետք է սահմանենք որոշակի մարտավարություններ․ օրինակ ստորագրահավաք, ցույց, օնլայն արշավ և այլն։ Մարտավարությունները ընտրելուց հետո պետք է այն դնել հերթականության մեջ՝ կազմելով աջակցի ուղին։ Աջակցի ուղին գործողությունների հերթականություն է, որը աջակիցը պետք է իրականացնի արշավի ընթացքում։ Օրինակ, արշավի ընթացքում աջակիցները պետք է կիսվեն իրենց պատմություններով, կազմակերպեն ստորագրահավաք, և այլն։

Այսպիսով, այս դասախոսության ընթացքում մենք ծանոթացանք աջակիցների համախմբման և ներգրավման որոշակի գործիքների, որոնք դուք կարող եք գտնել նաև օժանդակ նյութերում։ Մենք նաև ծանոթացանք մասնակցային հանրային արշավների պլանավորմանը՝ որպես աջակիցների ներգրավվածությունը խթանելու և մեր համատեղ ռեսուրսները ազդեցության վերածելու միջոց։


Օժանդակ նյութեր

Communications Campaign Best Practices

Planning to Win

Տարածել