1․ Մամուլի հաղորդագրություններ, ձևաչափեր, տեխնիկաներ։
2․ Մամուլի համար տեքստի հետ աշխատանք։
Այստեղ մեդիա ասելով եկեք հասկանանք զանգվածային լրատվության միջոցները։
Մեդիայի հետ հարաբերությունները ռազմավարական հաղորդակցության անբաժանելի մասն են։ Թվային մեդիայի այս նոր իրողության մեջ փոխվում են նաև ավանդական մեդիայի հետ հարաբերությունների ձևաչափերը։ Շատ հաճախ հանրային կապերը կազմակերպությունների համար հանգում են հենց մեդիայի հետ հարաբերություններին, բայց ինչպես նախորդ դասախոսությունների շրջանակում միասին հասկացանք, մեդիան հաղորդակցության ուղիներից միայն մեկը կարող է լինել իր բոլոր ենթատեսակներով։
Մեդիահարաբերությունների կարևորությունն ու դերը ռազմավարական հաղորդակցության գործընթացում երկու կարևոր ցուցանիշով կարող է պայմանավորված լինել․ դրանց լայն լսարաններին հասանելիությամբ և թիրախային լսարանների համար տեղեկատվության վստահելի աղբյուր համարվելով։ Մեր իրականության մեջ, ինչպես գիտենք, բոլոր ինստիտուների նկատմամբ վստահության նվազեցմանը զուգահեռ, նվազում է նաև լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ վստահությունը։ Իսկ ապատեղեկատվության, կեղծ լուրերի այս ժամանակներում դա շեշտակի բարդացնում է ԶԼՄ-ի հետ հարաբերությունների կառուցումը՝ նրանց ազդեցությամբ բացասական քողի տակ չհայտնելու վտանգով պայմանավորված։ ԶԼՄ հետ հարաբերությունները գործնականում հանգում են նաև տվյալ մասնագետի և լրագրողների անձնական հարաբերություններին, ինչը էապես փոխում է օբյեկտիվ պատկերը։
Մեդիայի հետ հարաբերությունների մասին խոսելիս առաջին հերթին բոլորիս մտքին գալիս են «մեր սիրելի» մամուլի հաղորդագրությունները։ Եվ ձեզնից շատերը, ովքեր գործնականում առնչվել են մամուլի հաղորդագրությունների հետ, հաստատ ծանոթ են «շրջված բուրգի» կառուցվածքին։
Մամուլի հաղորդագրություն գրելու երկու հիմնական տեսակ կա
Շրջված բուրգ
Ավազե ժամացույց
Անուններն արդեն հուշում են, թե ինչի մասին է խոսքը։
Շրջված բուրգի դեպքում ամենակարևոր տեղեկատվությունը ներկայացնում ենք ամենասկզբում, մյուս մասերը հաջորդում են միմյանց՝ ըստ կարևորության։
Ավազե ժամացույցի/մարտինիի բաժակ եղանակն ընտրելիս էլի կարևոր տեղեկատվությունը գրում ենք սկզբում, մեջտեղի հատվածներում՝ նվազ կարևորություն ունեցող մասերը, ժամանակագրությունը, եթե վերաբերելի է, և վերջում, ի տարբերություն շրջված բուրգի, էլի կարևոր բաներ ենք գրում՝ հետադարձ կապը, վերահսկողությունը պահելու համար, հիշեցնելու համար, թե ինչն էր ուղերձը։ Այս հատվածում կարելի է գրել նաև հետագա գործողությունների մասին կամ ուղղորդել տեղեկատվություն գտնել ձեր տված հղումներով։
Մամուլի հաղորդագրությունն անպայման պետք է պարունակի հետադարձ կապի կոնտակտ, ում հետ լրագրողը կարող է մանրամասները ճշտել, հարցերն ուղղել։
Դասախոսության նյութերի շարքում կգտնեք նաև մամուլի հաղորդագրության ձևանմուշներ։