Նախորդ դասախոսության ընթացքում խոսեցինք այն մասին, թե ինչպես կարելի է մշակել հանրային արշավներ, որոնց ընթացքում մենք ներգրավում ենք աջակիցներին՝ ավելի մեծ ազդեցություն ունենալու նպատակով։ Այժմ, եկեք հասկանանք, թե ինչպես կարելի է ձևավորել աջակիցների համայնք ձեր գործունեության ողջ ընթացքում։
Նախորդ դասախոսությունից հիշում եք ներգրավվածության բուրգը։ Ի՞նչ է մեզ անհրաժեշտ, որպեսզի առաջին երկու մակարդակում գտնվողները՝ դիտորդներն ու հետևորդները, ավելի մեծ ներգրավվածություն սկսեն ունենալ մեր աշխատանքներում, օրինակ՝ դառնան կամավոր։ Առաջարկում եմ, որ դուք հիմա մտածեք ձեր կյանքից մի օրինակ, երբ ձեզ դիմել են և խնդրել ներգրավվել որևէ նախաձեռնության, կամ հանգանակել որևէ դրամահավաքի։ Որո՞նք են եղել այն կարևոր գործոնները, որոնց հիման վրա դուք կայացել եք ձեր որոշումը։
Այս դասախոսության ընթացքում կանդրադառնանք աջակիցների ներգրավման երեք կարևոր գործոնների՝ վստահություն ձեր և ձեր թիմի հանդեպ, ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններ, ապագայի հստակ տեսլական և այս պահին գործելու անհրաժեշտություն։
Առաջին գործոնը վստահությունն է։ Վստահության առանցքային նախապայմանը ձեր արժեքներն ու շարժառիթները հասկանալն է։ Ինչո՞վ եք զբաղվում հիմա ձեր կազմակերպությունում/համայնքում։ Ի՞նչն է մղել ձեզ զբաղվել հենց այդ գործունեությամբ և առաջնորդության դերը վերցնել ձեզ վրա։ Ինչպիսի՞ փորձառություն եք ունեցել կյանքում, որը ձևավորել է ձեր արժեքները և դարձրել ձեզ առաջնորդ։ Պատմելով մարդկանց ձեր առաջնորդության պատմությունը դուք օգնում եք մարդկանց հասկանալ ձեզ, ձեր շարժառիթները, և վստահել ձեզ։ Կարևոր է հիշելը, որ եթե դուք չպատմեք ձեր պատմությունը, ուրիշները դա կանեն ձեր փոխարեն։ Եվ պատմության նրանց տարբերակը ձեզ կարող է բացարձակապես դուր չգալ։
Երկորդ գործոնը ձեր և հնարավոր աջակիցների ընդհանուր արժեքներն են։ Պետք է հիշել, որ ամուր կապի հիմքում ոչ թե ընդհանուր շահն է, այլ ընդհանուր արժեքները։ Ի՞նչ արժեքներ են ընկած ձեր կազմակերպության/թիմի գործունեության, ձեր ծրագրերի հիմքում։ Հիշեք արժեքահեն հաղորդակցության մասին մեր դասախոսությունը և արժեքների քարտեզը։ Իսկ ինչպե՞ս կարող եք ցույց տալ, որ դուք և ձեր լսարանը կրում եք նույն արժեքները։ Արժեքները կարող են հաճախ թվալ շատ վերացական, ուստի պետք է դրանք ներկայացնել որպես ապրված փորձառություն։ Պատմությունները ձեր և ձեր հնարավոր աջակիցների ընդհանուր փորձառությունների մասին, որտեղ դրսևորվել են ձեր ընդհանուր արժեքները ցույց են տալիս, որ այս կյանքում ձեր և ձեր աջակիցների համար կարևոր են նույն բաները։
Երրորդ գործոնը, այս պահին գործելու անհրաժեշտության գիտակցումն է՝ ընդհանուր տեսլականին հասնելու համար։ Մարդկանց գործողության մղելու համար անհրաժեշտ է ոչ միայն ներկայացնել, թե ինչպես կարող են նրանք գործել, այլ նաև ինչու պետք է գործել։ «Ինչպես»-ը տրամաբանականն է․ ինչ քայլեր եք ձեռնարկելու, ինչ ռազմավարություն ունեք։ Իսկ «ինչու»-ն , հուզականն է․ «ինչու ես պետք է հիմա գործեմ»։
Այսինքն, դուք մի կողմից պետք է ներկայացնեք ձեր ընդհանուր արժեքներից բխող տեսլականը, այն ապագան որին ձգտում եք հասնել։ Եվ ներկայացնեք այդ արժեքները պաշտպանելու անհրաժեշտությունը։ Մյուս կողմից, պետք է ներկայացնել, թե ինչպես եք հասնելու այդ արդյունքներին և ինչպես կարող են ձեր պոտենցիալ աջակիցները իրենց դերը և մասնակցությունը ունենալ։ Պատմություններն այն մասին, թե ինչպես են որոշ խնդիրներ սպառնում ձեր ընդհանուր արժեքներին, և ինչպես է հնարավոր ամրապնդել ձեր արժեքները խնդրի լուծմանը հասնելու միջոցով, օգնում են դիպչել ոչ միայն ձեր պոտենցիալ աջակիցների մտքին, այլ նաև սրտին, հույզերին։
Ինչպես տեսնում եք, մարդկանց համախմբումն առաջ տանող ուժը ընդհանուր արժեքներն են։ Այն արժեքները, որոնք ձեզ դրդել են առաջնորդության, այն արժեքները, որոնք ընդհանուր են ձեր ձեր և ձեր աջակիցների համար և այն արժեքները, որոնց պաշտպանությունը տվյալ պահին պահանջում է քայլեր ձեռնարկել: Այդ արժեքները ներկայացնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը պատմասանությունն է, պատմություններ պատմելը։ Պատմելով ձեր առաջնորդության պատմությունը, դուք օգնում եք մարդկանց հասկանալ ձեզ։ Պատմելով ձեր ընդհանուր փորձառությունները պատմությունը, դուք օգնում եք ձեր աջակիցներին հասկանալ միմյանց։ Եվ պատմելով խնդրի և ձեր տեսլականի պատմությունը, դուք օգնում եք ձեր աջակիցներին հասկանալ տվյալ պահին գործելու անհրաժեշտությունը։
Այժմ եկեք հասկանանք, թե ինչպե կարելի է պատմել այս պատմությունները գործնականում՝ աջակիցներ ներգրավելու նպատակով։ Պատկերացրեք, որ ձեր թիմը գործում է կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրի շուրջ։ Դուք իրականացրել եք մի միջոցառում, որտեղ ներկա են եղել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ։ Նրանցից ոմանք միջոցառումից հետո կիսվել են իրենց հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով, և ցանկություն են հայտնել լինել ձեզ հետ ուղղակի կապի մեջ։ Այսինքն, մեր ներգրավվածության բուրգում նրանք հետևորդի սանդղակի վրա են։ Դուք ցանկանում եք, որ նրանք ավելի բարձր ներգրավվածություն ունենան։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի դուք ձևավորեք նրանց հետ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններ և ներկայացնեք, թե ինչու է այդ պահին կարևոր նրանց ակտիվ ներգրավվածությունը։ Դուք հանդիպում եք խնդրում այդ ծնողների հետ։
Հանդիպման ժամանակ դուք պատմում եք այն մասին, թե որն է ձեր գործունեության շարժառիթը։ Ինչպիսի փորձառություն եք ունեցել կյանքում, որը ձևավորել է ձեր արժեքները և դարձրել ձեզ առաջնորդ։ Մտածեք, թե ինչ մարտահրավերների եք բախվել ձեր կյանքում, դպրոցում, համալսարանում, աշխատանքում, համայնքում։ Ե՞րբ եք առաջին անգամ կարիք զգացել լսված լինելու։ Ե՞րբ է անհրաժեշտությւոն առաջացել հոգալ մեկ ուրիշի մասին։ Ե՞րբ եք ստիպված եղել ընդդիմանալ մեկին, ով ձեզնից ավելի մեծ և ուժեղ էր: Ինչպե՞ս է կապվում կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը ձեր արժեքների հետ։ Ինչու՞ եք այն համարում ձեր խնդիրը։
Այնուհետև, դուք խնդրում եք, որ ծնողներն էլ կիսվեն իրենց փորձառությամբ։ Ինչպիսի մարտահրավերների են նրանք բախվում իրենց երեխաների կրթության հետ կապված, կամ ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող երեխա մեծացնելու հետ կապված։ Արդյո՞ք նկատում եք որոշակի փորձառություններ, որոնք ընդհանուր են ձեր և ծնողների միջև։ Որոնք ցույց են տալիս ձեր ընդհանուր արժեքները։
Եվ վերջում, պատմեք ձեր տեսլականի մասին։ Ինչպիսի՞ փոփոխության եք դուք ձգտում հասնել կրթությունից դուրս մնացած երեխաների համար։ Ի՞նչ է փոխվելու նրանց կյանքում, նրանց ծնողների կյանքում։ Ի՞նչն է խոչընդոտում այդ փոփոխությանը։ Ինչպե՞ս եք հասնելու այդ փոփոխությանը։ Եվ ի վերջո, ինչ կարող են անել ծնողները լուծման մաս դառնալու համար։
Այս զրույցները դուք կարող եք վարել ինչպես անհատապես, այնպես էլ խմբերի հետ, հանրային միջոցառումներում։ Օժանդակ նյութերում դուք կգտնեք պատմության կառուցվածքի ձևանմուշը, որն օգտագործելով կարող եք կազմել ձեր պատմությունները։