Մտածողության կաղապարներ․ ինչպե՞ս ակտիվացնել լսարանի համոզմունքները փոփոխության հասնելու համար

Մտածողության կաղապարներ․ ինչպե՞ս ակտիվացնել լսարանի համոզմունքները փոփոխության հասնելու համար

Նախորդ դասախոսությունների ընթացքում մենք մի քանի անգամ շեշտեցինք այն, թե որքան կարևոր է իմանալը, թե մարդիկ ինչ արժեքներով և համոզմունքներով են առաջնորդվում որոշակի խնդիրների շուրջ իրենց վերաբերմունքը և վարքագիծը ձևավորելիս։ 

Այս դասախոսության ընթացքում մենք կծանոթանանք մտածողության որոշակի կաղապարների, որոնք խոչընդոտում կամ նպաստում են սոցիալական փոփոխության հասնելու ակտիվիստների, իրավապաշտպանների, ՀԿ-ների ջանքերին։ Մտածողության կաղապարները մեր դաստիարակության, կրթության, մեդիայի սպառման, շփումների արդյունքում ձևավորվող պատմություններ են հասարակական կյանքի տարբեր կողմերի մասին, թե ինչպիսին է մարդկային բնույթը, ինչպես մենք պետք է փոխհարաբերվենք, ինչի համար ենք մենք պատասխանատու, և այլն։ Այս կաղապարները լավագույնս արտացոլվում են ժողովրդական առածների մեջ, որոնք ամփոփում են մի ամբողջ փիլիսոփայություն․ «Գյուղ կանգնի, գերան կկոտրի», «Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին», «Ինչ ցանես, այն էլ կհնձես», «Ձուկը գլխից է հոտում», և այլն։ 

Սոցիոլոգները, հոգեբաննները, հաղորդակցության մասնագետները դուրս են բերել այսպիսի մտածության կաղապարներ, որոնք կարևոր է իմանալը, երբ հաղորդակցվում ենք մարդու իրավունքների և սոցիալական խնդիրների շուրջ։ Այդ կաղապարներից մասնավորապես մենք կքննարկենք նրանք, որոնք վերաբերվում են հետևյալ հարցերին։ 

1․ Ինչպիսի՞ն է մարդկային բնույթը

2․ Ու՞մ մասին մենք պետք է հոգ տանենք

3․ Ո՞վ է պատասխանատու այն խնդիրների համար, որոնց բախվում ենք

4․ Արդյո՞ք հասարակական կարգը արդար է ձևավորված 

5․ Ինչպե՞ս է տեղի ունենում փոփոխությունը

Ինչպիսի՞ն է մարդկային բնույթը։ Այս հարցի վերաբերյալ կա տարածված երեք մտածողության կաղապար․

1) մարդիկ եսասեր են և մրցակցային,

2) մարդիկ հոգատար են և համագործակցող,

3) մարդն իր միջավայրի արդյունքն է։ 

Երբ մենք սկսում ենք ընդունել, որ որոշ հակասոցիալական հատկանիշներ, օրինակ՝ ագահությունը, նորմալ են, մենք սկսում ենք նաև նորմալ համարել հակասոցիալական վարքագիծը, օրինակ՝ բնական է, որ տանտերերը վարձը թանկացնում են։ Եթե մենք առաջնորդվում ենք մարդկանց փոխօգնող լինելու կաղապարով, ավելի հակված ենք ուրիշներին վստահել և օգնել։ Թեև այս դեպքում էլ, հակասոցիալական վարքագիծը սկսում ենք բացատրել որպես բացառություն։ Միջավայրի ազդեցության կաղապարը ենթադորւմ է, որ մեր արժեքները, բնավորությունը, վարքագիծը ձևավորվում են ըստ մեր փորձառության։ Արդյո՞ք ունեցել ենք լավ դպրոց, մեծացել ենք սիրող ընտանիքում, ունեցել ենք կանաչ տարածքներ, և այլն։ Այս համոզմունքը ենթադրում է, որ պետք է փոխել միջավայրը, այլ ոչ մարդկանց։ 

Ի՞նչ է սա նշանակում մեր հաղորդակցության համար։ 

Ընդգծեք մեր ընդհանուր արժեքները, որ հիմնականում մենք ուզում ենք, որ մարդիկ ապահով լինեն, որ նրանք, ովքեր դժվարությունների մեջ են, աջակցության կարիք ունեն, և որ բոլորս փոխկախված ենք, որպես հարևաններ, համայնք, հասարակություն։ 

Մի ընդհանրականացրեք որևէ հատկանիշ ամբողջ խմբի վրա։ Մարդը կարող է փոխվել։ Եթե բոլոր բանկիրները ագահ են, ապա անհնար է որևէ բան փոխել, և առաջանում է անխուսափելիություն։ 

Ցույց տվեք, թե ինչպես են մարդիկ իրենց միջավայրի կողմից ձևավորվում՝ կրթություն, առողջապահություն, մեդիա, մշակույթ, և այլն։ 

Խոսեք այն մասին, որ թեև մենք բոլորս կարևորում ենք կարեկցանքը և փոխօգնությունը, մշակույթը խրախուսում է մրցակցություն և ագահություն։ 


Ու՞մ մասին պետք է հոգ տանենք։ Այս հարցի շուրջ առկա են հետևյալ կաղապարները

1) միայն ինձ նման մարդկանց,

2) նրանց, ով կարիք ունի

3) համերաշխ լինել միմյանց հետ։

Առաջինի դեպքում գործում է բացառող «մենք»-ի գաղափարը, և որ կան անցանկալի «նրանք» ումից պետք է պաշտպանվել։ Երկրորդը բարեգործության կամ խղճահարության կաղապարն է։ Նրանք ովքեր սոցիալապես ավելի լավ վիճակում են, պետք է օգնեն կարիքավորներին, եթե նրանք դրան արժանի են։ Սա արդյունավետ է, երբ պետք է հրատապպ կարիք բավարարել, բայց չի անդրադառնում անհավասարության խորքային պատճառներին։ Իսկ համերաշխության հիմքում ընկած է ավելի լայն, ներառական «մենք»-ի գաղափարը, և այն համոզմունքը, որ անհավասարությունը համակարգային խնդիրների արդյունք է, և կարելի է այն փոխել միայն միմյանց հետ աշխատելով։ 

Ի՞նչ է սա նշանակում մեր հաղորդակցության համար։ 

1․ Ներառական եղեք, խոսեք տարբեր խմբերի փորձառությունների մասին, և ցույց տվեք, թե ինչպես են խնդիրները ազդում բոլորի վրա։ 

2․ Ցույց տվեք բազմազանությունը։ Հաճախ «տարբերվող» մարդիկ պարզապես տեսանելի չեն։ 

3․ Խուսափեք խղճահարության և բարեգործության կաղապարից, որովհետև այդպիսով մարդիկ, երբեք չեն կարևորի համակարգային խնդիրները։

Ո՞վ է պատասխանատու այն խնդիրների համար, որոնց բախվում ենք։ Այստեղ գործ ունենք

1) անհատական պատասխանատվության

2) էլիտայի պատասխանատվության 

3) կոլեկտիվ պատասխանատվության կաղապարների հետ։

Անհատական պատասխանատվության կաղապարը ենթադրում է, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր ճակատագրի համար։ Հիմքում համոզմունքն է, որ եթե հաջողում ես, ուրեմն չարչարվել ես և արժանի ես, եթե ոչ, ուրեմն մի բան էն չես արել։ Էլիտայի պատասխանատվության կաղապարը ենթադրում է, որ միայն իշխանություն ունեցողներն են պատասխանատու խնդիրների համար և նրանք էլ պետք է լուծեն։ Սակայն սա տանում է անտարբերության և անզորության։ Կոլեկտիվ պատասխանատվության կաղապարի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ մենք բոլորս մե դերն ունենք ձևավորելու այն հասարակությունը, որը ցանկանում ենք։ Եվ միայն կոլեկտիվ գործողությունների շնորհիվ է հնարավոր հասնել փոփոխության։ 

Ի՞նչ է սա նշանակում մեր հաղորդակցության համար։ 

1․ Խոսեք կոլեկտիվ հաջողությունների մասին։ Հաճախ սոցիալական փոփոխությունը ներկայացվում է որպես անհատների ձեռքբերում, և անտեսում է անթիվ այլ մարդկանց ներդրումը։ Սա նաև մեզ համար դարձնում է պակաս հավանական, որ մենք կարող ենք մաս դառնալ այդ փոփոխությանը։ 

2․ Ցույց տվեք, որ անհատն ունի իր սոցիալական միջավայրը։ Հաջողության պատմություներ պատմելիս մի կենտրոնացեք միայն հերոսի գործողությունների վրա, ցույց տվեք, թե այլ անձինք ինչ դեր են խաղացել։ 

Արդյո՞ք հասարակական կարգը արդար է ձևավորված։ Այստեղ հատկանշական են հետևյալ մտածողության կաղապարները․

1) բնական հիերարխիա․ մարդիկ բնույթով տարբեր են, ուստի անհավասարությունը բնական է, և իմաստ չկա փոխել

2) կյանքը՝ զրոյական արդյունքով խաղ․ ռեսուրսները սահմանափակ են, եթե այն հասնում է ումանց, նորմալ է, որ մյուսներին չհասնի, ուստի պետք է արդար մրցակցության պայմաններ

3) մերիտոկրատիա․ պայմանները հավասար են, և յուրաքանչյուրը կարող է հաջողել, եթե բավրար ջանք թափի,

4) անհավասարությունը պատմականորեն է ձևավորվել, քանի որ որոշ խմբեր դուրս են մնացել որոշումներ կայացնելուց և մինչև հիմա տուժում են։ 

Ի՞նչ է սա նշանակում մեր հաղորդակցության համար։ 

1․ Առաջին երեք կաղապարները մեզ դրդում են արդարացնել իրականությունը և մտածել, որ փոփոխությունը հնարավոր չէ, կամ վտանգավոր է

2․ Խուսափեք խնդիրների մասին խոսելիս առաջնահերթություններ սահմանելուց; Ցույց տվեք, որ ռեսուրսները բավարար են։ 

3․ Ցույց տվեք, որ մի խմբի խնդիրների լուծումը օգնելու է բոլորին

Ինչպե՞ս է տեղի ունենում փոփոխությունը․

1) Անարդարությւոնը բնական է, միշտ այդպես է եղել, փոփոխությունը հնարավոր չէ,

2) առաջընթացն անխուսափելի է, հասարակություններն ավելի հանդուրժող են, բարեկեցությունն ավելի բարձր է, գիտական/տեխնոլոգիական զարգացումը նպաստում է

3) փոփոխությունը հնարավոր է, եթե միայն պայքարենք դրա համար; անցյալի փորձը դա է վկայում։ 

Ի՞նչ է սա նշանակում մեր հաղորդակցության համար

1․ Տոնեք մարդու իրավունքների համար պայքարը և ցույց տվեք, թե ինչ հաջողությունների ենք հասել կոլեկտիվ ջանքերի շնորհիվ

2․ Ցույց տվեք սովորական մարդկանց դերը, ներդրումը այդ փոփոխություններում 

3․ Ցույց տվեք, որ այն գործողությունները, որ դուք անում եք, կամ ուզում եք այլոք անեն, ռազմավարական են

Այսպիսով, ամփոփելով, մարդու իրավունքների և սոցիալական խնդիրների մասին խոսելիս հաշվի առեք առկա մտածողության կաղապարները։ Ձեր հաղորդակցության մեջ շեշտը դրեք մարդկանց դրական հատկանիշների վրա և ցույց տվեք, որ նրանք իրեց միջավայրի արդյունք են։ Խթանեք ներառական «մենքը» և խոսափեք բարեգործության կաղապարից։ Շեշտեք կոլեկտիվ պատասխանատվությունը համակարգային խնդիրները լուծելու համար, և ցույց տվեք, որ փոփոխությունը հնարավոր է։

Օժանդակ նյութեր

Messaging this moment – Handbook

The Narratives We Need

Տարածել