Խնդիրների/նպատակների ծառ

Խնդիրների/նպատակների ծառ

ՓՈՒԼ 1 – ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

Ճիշտ պլանավորումը շատ կարևոր է, և դրա համար սա ամենաերկար փուլն է բաղկացած է երկու մասից՝ Ազդեցության պլանավորում և Գործողությունների պլանավորում:

Ազդեցության պլան կազմելիս նախ պետք է գտնենք պատասխանները հետևյալ 4 հարցերի.

1. Ի՞նչ խնդիր ենք փորձում լուծել

2. Խնդրի ի՞նչ լուծում ենք առաջարկում

3. Ո՞ւմ կյանքում են փոփոխություններ տեղի ունենում մեր աշխատանքի շնորհիվ

4. Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում (կամ հնարավոր է տեղի ունենան) 

Օգտակար է սկսել Փոփոխության տեսության շուրջ համաձայնության գալով: Փոփոխության տեսությունը՝ theory of change, փաստաթուղթ է, որը սահմանում է, թե ինչպես կարող եք հասնել ձեր ազդեցության նպատակին:

Շատ կարևոր է, որ ձեր ազդեցության պլանն արտացոլի շահակիցներից կամ շահագրգիռ կողմերից ստացված տեղեկությունները: Նրանց տեսակետները կենսական նշանակություն ունեն՝ հասկանալու համար, թե իրական է արդյոք խնդիրը, որը փորձում եք լուծել, և արդյոք ձեր առաջարկած լուծումը կգործի։

Այս բաժնի հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է խոսել շահակիցների հետ պլանավորման փուլում՝ բաց հարցեր տալով և նրանց տեսակետները լսելով: Շահակիցներին վաղ փուլում ներգրավելը նրանց կարիքներն ու նախընտրություններն առանցքային են դարձնում ծրագրի ձևավորման ձեր գործողություններում: 

Կարող եք սկսել շահակիցների տարբեր խմբերի փոքրաթիվ ներկայացուցիչներից՝ նրանց հրավիրելով ֆոկուս խմբային քննարկումների կամ հարցազրույցների: Սա ոչ թե քանակական, այլ որակական հետազոտություն է: Եթե ուզում եք ավելի մանրամասն տիրապետել ֆոկուս խմբային քննարկումներին, հարցազրույցներին և այլ մեթոդներին, կարող եք ծանոթանալ կից ուղեցույցի համապատասխան բաժնի նյութերին։

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ 1. Ի՞ՆՉ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԼՈՒԾԵԼ 

Որևէ տեսակի փոփոխության չհասնելու կամ անգամ բացասական ազդեցություն ունենալու վտանգը շատ ավելի մեծ է, երբ նախ ժամանակ չեք տրամադրում մտածելու այն խնդրի մասին, որը ցանկանում եք լուծել:

«Խնդիրների ծառը» գործիք է, որը կարող է օգնել ուսումնասիրելու սոցիալական խնդրի հիմքում ընկած պատճառների շրջանակը: Այն կարող է օգնել գտնելու այն պատճառները, որոնց առնչությամբ հնարավոր է ինչ-որ բան անել: Սկսելիս անհրաժեշտ է, որ սոցիալական ձեռներեցները մտածեն հիմքում ընկած պատճառների մասին: Սա ձեզ կօգնի տարբեր խնդիրներ մատնանշելու և տեսնելու դրանց միջև եղած կապերը: Կարևոր է նաև այս խնդրին պարբերաբար վերադառնալը՝ տեսնելու՝ արդյոք որևէ բան փոխվել է, և արդյոք հիմքում եղած պատճառները (և ձեռնարկություն ստեղծելու հիմքում ընկած ենթադրությունները) դեռևս ուժի մեջ են: 

Ճշգրիտ և իրատեսական խնդիրների ծառ ստեղծելու լավագույն տարբերակը ձեր որոշ հիմնական շահակիցներին ներգրավելն է: Հիմնական շահակիցները մարդիկ են, որոնք կրում են այն սոցիալական խնդրի ազդեցությունը, որը դուք ցանկանում եք փոխել, ինչպես նաև նրանք, որոնք բուն խնդիրը լավ են հասկանում: 

Խնդիրների ծառ ստեղծելու համար անհրաժեշտ է մի մեծ կտոր թուղթ կամ գրատախտակ: Թղթի կամ գրատախտակի վերևի հատվածը վերապահված է սոցիալական խնդրի հետևանքներին, իսկ ներքևի հատվածը՝ հիմքում ընկած պատճառներին: Այժմ կատարե՛ք հետևյալ քայլերը. 

  1. Նշե՛ք հիմնական խնդիրը ծառի (և էջի) կենտրոնում: 
  2. Մտածե՛ք խնդրի անմիջական/առաջնային պատճառների մասին: 
  3. Գրառե՛ք անմիջական/առաջնային պատճառները հիմնական խնդրի տակ: Այստեղ պատճառներից յուրաքանչյուրը պետք է ձևակերպվի բացասական արտահայտությամբ: 
  4. Մտածե՛ք այլ՝ երկրորդական պատճառների մասին, որոնք կապ ունեն անմիջական/առաջնային պատճառների հետ: 
  5. Գրառե՛ք երկրորդական պատճառներն իրենց համապատասխան անմիջական/առաջնային պատճառների տակ: 
  6. Նշե՛ք անմիջական հետևանքները հիմնական խնդրի վերևում: 
  7. Մտածե՛ք բխող երկրորդական հետևանքների մասին: 
  8. Գրառե՛ք հետևանքները համապատասխան անմիջական պատճառի վերևում: 

Այստեղ ներկայացնում ենք HDIF թիմի և շահակիցների մշակած խնդիրների ծառը: 

Ինչպես տեսնում եք, բոլոր նախադասությունները ձևակերպված են բացասական արտահայտությամբ, որովհետև դեռ կենտրոնանում ենք խնդիրների վրա։ HDIF-ի մշակած գլխավոր խնդիրն է Հայաստանում կանանց ցածր, անհավասար կարգավիճակը, հատկապես մայրաքաղաքից դուրս, և կան բազմապիսի պատճառներ կամ գործոններ, որոնք նպաստում են այս խնդրին, օրինակ՝ կանանց ցածր ինքնաբավությունը և կախվածությունը ընտանիքի տղամարդկանցից, ինչն իր հերթին ունի այլ պատճառ՝ կանանց ցածր եկամուտը։ Բազմաթիվ այլ պատճառներ նույնպես ներկայացված են այս ծառի միջոցով։ Հետևանքների հատվածում տեսնում ենք, որ կանայք մարզերում ընտանեկան որոշումների կայացման, սննդի բյուջեի կազմման և այլ հարցերում սահմանափակ դերակատարում ունեն, ընտանեկան բռնությանը բախվելու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում և այլն։ Հուսով ենք, որ խնդիրների ծառի այս օրինակը ձեզ կօգնի այս օգտակար գործիքը կիրառելու նաև ձեր սոցիալական նախաձեռնության համար։

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ 2. ԽՆԴՐԻ Ի՞ՆՉ ԼՈՒԾՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Խնդիրների ծառի միջոցով պատճառներն ու հետևանքները պարզելուն հաջորդող քայլը, ձեր բացահայտումներն օգտագործելով, «նպատակների ծառ»-ի ստեղծումն է, որը կօգնի լուծումներ մշակելու: Նպատակների ծառը ցույց է տալիս, թե ինչպիսին կարող էր լինել աշխարհը, եթե սոցիալական խնդիրը նվազեցվեր կամ հաղթահարվեր: Այս աշխատանքի արդյունքըվերջնարդյունքը/աշխատանքը կօգնի ձեզ լուծումներ մշակելու՝ ստեղծելով արտադրանք կամ ծառայություններ, որոնք կլուծեն սոցիալական խնդիրը:

Ահա HDIF-ի օրինակով նպատակների ծառը, որը նույն խնդիրների ծառի «շրջված» տարբերակն է, միայն այստեղ բոլոր նախադասությունները դրական արտահայտությամբ են կազմված, կարծես խնդիրը լուծվել է։

Այսպիսով՝ խնդիրների և նպատակների քարտեզագրումից հետո պետք է ընտրեք ո՛ր պատճառների վրա կենտրոնանալ: Անհավանական է, որ ունենաք խնդրի հիմքում ընկած պատճառներից յուրաքանչյուրի լուծման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները (կամ հմտությունների շրջանակը): 

HDIF-ի դեպքում հիմնադիրը որոշել է կենտրոնանալ այն խնդրի վրա, որը փոխկապակցված էր թվում շուրջը եղած շատ այլ խնդիրների հետ՝ ցածր եկամուտը: Այսինքն՝ HDIF-ի ազդեցության նպատակը կենտրոնանում է կանանց եկամտի մակարդակը բարելավելու վրա՝ կանանց ներգրավելով ձեռնարկատիրության մեջ և տրամադրելով անկախ ձեռնարկատեր դառնալու համար անհրաժեշտ հմտություններն ու վստահությունը: Սա ծառայելու է ընդհանուր առաքելությանը՝ հանգեցնելով կանանց հզորացմանը: Պետք է հուսալ, որ այդ կանայք էլ կոգեշնչեն իրենց շրջապատի այլ կանանց և փոփոխության առաջամարտիկների, որոնք էլ իրենց հերթին կհզորացնեն ուրիշներին:

Այս տեսանյութում ծանոթացանք «Խնդիրների ծառ» և «Նպատակների ծառ» գործիքներին։ Եկե՛ք այժմ հասկանանք, թե որն է մեր հաջորդ կարևոր քայլը, որի ընթացքում կպատրաստենք մեր սոցիալական ձեռնարկության «Փոփոխության տեսությունը»։

Տարածել