Ներածություն

Այս վիդեո դասընթացը և կից ուղեցույցը պատրաստվել են սոցիալական ձեռնարկատերերի համար, որոնք ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց դրական ազդեցությունը և դրան հասնելու ճանապարհին գործնական մոտեցում ցուցաբերելու կարիք ունեն: Ազդեցություն ասելով՝ նկատի ունենք մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելը: Հնարավոր է՝ դուք արդեն ունեք սոցիալական ձեռնարկություն կամ այն հիմնելու ճանապարհին եք: Այս նյութերը երկու դեպքում էլ օգտակար կլինեն:

Ուղեցույցի մոտեցման հիմքում ընկած է «ազդեցության մտածողությունը»։ Ազդեցության մտածողությունը նշանակում է եղած ռեսուրսներով կազմակերպել գործողություններ, որոնք ուղղակիորեն կապված են մեր նպատակների և առաքելության հետ, որպեսզի հնարավորինս մեծ դրական ազդեցություն ունենանք։ Իսկ «ազդեցություն» ասվածը մեր գործունեության շնորհիվ մարդկանց կյանքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղի ունեցած փոփոխությունն է: Խոսքն այս դեպքում ձեր սոցիալական ձեռնարկության ստեղծած ֆինանսական արժեքի կամ միայն բիզնես արդյունքների մասին չէ։

Ֆինանսական և սոցիալական արժեքների միջև կարևոր տարբերություն կա: Ֆինանսական արժեք ստեղծող կազմակերպությունները հիմնականում հաշվետու են իրենց ներդրողներին և հաճախորդներին, որոնք արժեք են շահում այդ կազմակերպությունների ապրանքներից և ծառայություններից: 

Սոցիալական ազդեցություն կամ արժեք չափելն ավելի դժվար է, և սոցիալական ձեռնարկությունները կանգնած են իրենց սոցիալական արժեքն առավելագույնի հասցնելու մարտահրավերի առջև: 

Այս դասընթացը կազմակերպված է չորս փուլերի շուրջ՝ պլանավորում, իրականացում, գնահատում և վերանայում։

Յուրաքանչյուր փուլում մենք իրական սոցիալական ձեռնարկության օրինակով ցույց ենք տալիս ներկայացված գործիքների և մոտեցումների գործնական կիրառումը: Այս սոցիալական ձեռնարկությունը կարող է շատ տարբերվել ձեր իրավիճակից, սակայն մոտեցումն ու սկզբունքները կիրառելի են ցանկացած կազմակերպության համար, որը ցանկանում է փոխել մարդկանց կյանքը:

Որպես օրինակ ընտրել ենք «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը, որը ճանաչված է իր անգլերեն հապավումով՝ HDIF, և հիմնվել է 2013 թվականին Հայաստանում: Հիմնադրամի հիմնական առաքելությունը կանանց հզորացումն է՝ հաջողակ և անկախ ձեռնարկատեր դառնալու համար անհրաժեշտ կրթություն և հմտություններ տրամադրելով: HDIF-ը նաև ՍՊԸ է հիմնել, և երկուսն աշխատում են միասին՝ Հայաստանում կանանց զարգացման նպատակին հասնելու համար: HDIF-ի հիմնադիրը Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթն է, որը շուրջ քսան տարի է՝ բնակվում է Հայաստանում: 

HDIF-ի աշխատանքն ուղղված է Հայաստանի գյուղական և քաղաքային բնակավայրերում կանանց ներգրավվածությամբ կայուն տնտեսական հնարավորություններ նախաձեռնելուն, դրանց դյուրացմանն ու աճին: Սոցիալական ձեռնարկությունը կանանց համար ստեղծում է աշխատատեղեր, որոնք Հայաստանի համայնքներում գործող նվազագույն աշխատավարձից ավելի մեծ եկամուտ են ապահովում:

HDIF-ը նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում առաջին կազմակերպությունն է, որ ստացել է Համաշխարհային արդար առևտրի կազմակերպության (ՀԱԱԿ) երաշխավորված անդամության կարգավիճակ և պահպանում է արդար առևտրի բոլոր տասը սկզբունքները: 

HDIF-ը գործում է որպես շուկայական միջնորդ, քանի որ ձեռագործ իրեր պատրաստող կանայք հաճախ մայրաքաղաքից կամ այլ մեծ շուկաներից հեռու են և չեն կարող իրենք հասնել հաճախորդներին: Ավելին, թեև այս «արտադրող գործընկերներ» խմբերի անդամները հմուտ են ձեռագործության մեջ, նրանք միշտ չէ, որ ունեն շուկայական պահանջարկը չափելու համար անհրաժեշտ կարողություններ, ինչպես նաև ճիշտ հմտություններ՝ շուկայում առկա հնարավոր գնորդների կարիքներին համապատասխան արտադրանքի ձևավորման համար: HDIF-ը տրամադրում է դիզայնը և որակի հստակ չափանիշները: Կազմակերպությունը նաև մեծ քանակի պատվերներ կատարող գնորդների է գտնում (սովորաբար միջազգային շուկաներում) և այդ պատվերները փոխանցում «արտադրող գործընկերներին»: Վաճառքից առաջացած շահույթը բաշխվում է արտադրող գործընկերների և HDIF-ի միջև: 

Մենք որոշեցինք պարզել, թե որքանով է հաջողվել HDIF-ին իր սահմանած առաքելությունը կատարել և կանանց հզորացնել՝ դառնալու անկախ ձեռնարկատերեր:

Հաջորդող տեսանյութերում մենք վերադառնում ենք այս պատմությանը՝ պարզելու համար այստեղ նախանշված մոտեցումների կիրառությունը HDIF-ի ազդեցությունը չափելու գործում: Դրանով իսկ հույս ունենք, որ կհասկանաք, թե ինչպես կարելի է առաջարկվող գործիքակազմը կիրառել նաև ձեր սոցիալական ձեռնարկության դեպքում։ Դե ինչ, գնացինք առաջ, սկսենք սոցիալական ազդեցության չափման առաջին փուլը։

Տարածել