Վարքագծի փոփոխության արշավներ

Վարքագծի փոփոխության արշավներ

Անկախ նրանից, թե ինչ խնդիրների շուրջ եք աշխատում, ձեր գործունեության ընթացքում դուք և ձեր թիմակիցները, ամենայն հավանականությամբ հաճախ եք մտածել, որ մարդկանց վարքագծի փոփոխությունը ձեր խնդրի լուծման առանցքային ճանապարհներից է։ Եթե մարդիկ կենցաղային աղբը տեսակավորեին․․․ եթե կաշառք չտային․․․ եթե ավելի շատ կամավորություն անեին․․․ եթե ավելի մեդիագրագետ լինեին․․․ և այլն։ Միևնույն ժամանակ, միգուցե արդեն համոզվել եք, թե ինչքան դժվար և երկարատև գործընթաց է մարդկանց մոտ որոշակի վարքագիծ փոխելը կամ ձևավորելը։

Վարքագծի փոփոխության արշավի օրինակ

Եկեք հասկանանք՝ ինչպես է դա հնարավոր կազմակերպված, թիրախային արշավների միջոցով։ Դիտարկենք մի օրինակ մեր իրականությունից։ 2016 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մի զեկույց ներկայացրեց, ըստ որի յուրաքանչյուր տարի Հայաստանում չի ծնվում 1400 և ավելի աղջիկ՝ սեռով պայմանավորված աբորտների պատճառով։ Հետազոտությունը ցույց էր տալիս, որ երիտասարդ ծնողների մոտ երեխայի սեռի տեսանկյունից կար նախապատվություն տղա երեխայի նկատմամբ։ Եթե միտումը շարունակվեր, կանխատեսվում էր, որ մինչև 2060 թ․ Հայաստանում չի ծնվի գրեթե 93․000 աղջիկ։

Իհարկե, խնդիրը շատ տարբեր լուծումներ էր պահանջում, այդ թվում և օրենսդրական, սոցիալական և այլն։ Բայց, ի վերջո, կայուն փոփոխության համար անհրաժեշտ էր, որպեսզի փոխվեր վերարտադրողական տարիքի ծնողների վարքագիծը։ Այսինքն՝ որպեսզի ծնողները աբորտ անելու որոշում չկայացնեն, երբ իմանում են, որ աղջիկ երեխա են ունենալու։

Հենց այդ վարքագիծը փոխելու նպատակով տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ իրականացրել են հանրային արշավներ, այդ թվում նույն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը «Բավական է» խորագրով, Վորլդ Վիժըն կազմակերպությունը «Տարբեր, բայց հավասար» խորագրով, Աստղացոլք ՀԿ-ն «Թող աղջիկը ծնվի» խորագրով։

Որպեսզի արշավը արդյունավետ և թիրախային գործողություններ մշակեր, անհրաժեշտ էր հասկանալ ծնողների վարքագծի պատճառները։ Հետազոտությունները պարզել էին, որ մեր հասարակությունում աղջիկ երեխան ավելի քիչ է արժևորում, և դա պայմանավորված է տարածված համոզմունքներով, որ տղան է ընտանիքը պահելու, տոհմը շարունակելու, երկրի անվտանգությունն ապահվելու։ Ուստի, արշավները միտված էին այդ կարծրատիպային համոզմունքները փոխելուն և աղջիկ երեխային արժևորելուն։

Ինչպե՞ս է դա արվել այս արշավների ընթացքում։ Արշավները կիրառել են շատ տարբեր մարտավարություններ, օրինակ՝ սոցիալական գովազդներ, ֆեյսբուքում մասնակցային արշավ հեշթեգների և այլ միջոցներով, մշակութային միջոցառումներ, օրինակ՝ ինտերակտիվ թատերական ներկայացում, շարադրությունների մրցույթ հայրիկների համար, և այլն։

Իսկ ինչպե՞ս են գնահատել՝ արդյոք արշավները հաջողել են, թե ոչ։ Կարող ենք առանձնացնել երկու չափելի ցուցանիշ, որոնք ցույց են տալիս արշավների հաջողությունը։ Առաջինը պաշտոնական վիճակագրությունն էր յուրաքանչյուր տարի ծնված երեխաների տղա/աղջիկ հարաբերակցության։ Արշավների արդյունքում աստիճանաբար առկա խզվածքը սկսել է նվազել։ Երկրորդը՝ հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքում պարզված տվյալները, թե ծնողների քանի տոկոսն է նշում, որ նախապատվություն կտա տղա երեխային։ Այս ցուցանիշը ևս բարելավվել է։

Վարքագծի փոփոխության արշավի նպատակը և թիրախ լսարանը

Հիմա սկսեք մտածել այն խնդրի մասին, որի շուրջ դուք եք աշխատում։ Ինչպիսի վարքագիծ կարող եք առանձնացնել, որը նպաստում է այդ խնդրին։ Այդ վարքագծի փոփոխությունն էլ դառնում է ձեր արշավի նպատակը։

Օրինակ․

  • Մենք ուզում ենք, որ երիտասարդները մասնակցեն տեղական ընտրություններին
  • Մենք ուզում ենք, որ ընտանեկան բռնության ականատեսները, օրինակ՝ հարևանները, ահազանգեն ոստիկանություն
  • Մենք ուզում ենք, որ բնակիչները կենցաղային աղբը չնետեն գետը

Այս նպատակներից ակնհայտ է դառնում, որ մենք ունենք կոնկրետ թիրախ, ում վարքագիծը ուզում ենք փոխել։ Դա մեր համայնքի երիտասարդներն են, հարևաններն են, գետի հարևանությամբ ապրող ընտանիքներն են։

Երբեմն խնդիրը, որը ցանկանում եք լուծել, կարող է շատ մեծ լինել, օրինակ կոռուպցիան։ Ձեզ կարող է թվալ, որ ամբողջ հասարակությունն է ձեր թիրախը։ Բայց պետք է հիշել, որ հնարավորինս կոնկրետ թիրախ ունենալը կօգնի ձեզ ավելի արդյունավետ հաղորդակցվել նրանց հետ։ Ի վերջո, կաշառք տալը բուհում՝ բանակից ազատվելու համար, կամ պոլիկլինիկայում լրիվ տարբեր գործոններով է պայմանավորված։

Թիրախը նեղացնելու մեկ այլ միջոց կարող է լինել հետևյալ երկու հարցերի շուրջ մտորելը․

  • ո՞վ կարող է ամենաշատը ձեզ օգնել հասնելու ձեր նպատակին
  • ու՞մ ավելի հեշտ կլինի ներգրավել

Օրինակ, եթե ցանկանում եք, որ ձեր համայնքում բնակիչները սկսեն կենցաղային աղբը տեսակավորել, ումի՞ց ավելի հեշտ կլինի սկսելը։ Ովքե՞ր են ավելի բաց այդ փոփոխության առաջ։

Վարքագծի փոփոխության գործոնները

Մեր հիմնական հարցը դառնում է հետևյալը․ ինչպես հասնել նրան, որ թիրախը փոխի իր վարքագիծը։ Ինստինկտիվ, տարածված պատասխանը իրազեկվածության բարձրացումն է։ Այսինքն, խնդիրը նրանում է, որ մարդկանց անհրաժեշտ ինֆորմացիան հասանելի չէ։ Մեզ թվում է, եթե մարդիկ հնարավորինս լավ պատկերացնեն խնդիրը, նրանց վարքագիծը կփոխվի։ Սակայն մարդկանց վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունները մեզ կարևոր պատկերացումներ են տալիս, որոնք պետք է հաշվի առնենք։

Առաջինը, վարքագիծը միայն ռացիոնալ որոշում չէ, կարևոր են նաև մարդկանց արժեքները, համոզմունքները, հույզերը։ Հոգեբանները մեր ուղեղում երկու համակարգ են առանձնացնում՝ ռացիոնալ համակարգ և հուզական/էմոցիոնալ համակարգ։ Հոգեբան Ջոնաթան Հայդը հետաքրքիր փոխաբերություն է առաջարկում այս համակարգերը հասկանալու համար։ Մտածեք ձեր ուղեղի մասին որպես հեծյալ, ով նստած է փղի վրա։ Ո՞վ է ձեր կարծիքով որոշում, թե որ ուղղությամբ է պետք գնալ։ Հեծյալը ներկայացնում է ռացիոնալ համակարգը։ Դա ուղեղի այն մասն է, որը պլանավորում է և լուծում խնդիրներ։ Նա կարող է վերլուծել և որոշել «ես ուզում եմ այս ուղությամբ գնալ»։ Բայց փիղը, որը ներկայացնում է էմոցիոնալ համակարգը, եթե չհամաձայնվի, հեծյալը ոչինչ չի կարող անել։ Նրանց միջև ուժային ահռելի տարբերություն կա։ Էմոցիոնալ համակարգի հենց այս մեծ կշիռն է, որ դժվար է դարձնում վարքագծի փոփոխությունը։ Այս փոխաբերության մեջ երրորդ գործոն էլ կա՝ ճանապարհը, որը ներկայացնում է արտաքին միջավայրը։ Հեծյալն ու փիղը ավելի հավանական է, որ հասնեն իրենց վերջնակետին, եթե ճանապարհին խոչընդոտներ չլինեն։

Այսինքն, վարքագծի փոփոխության համար մեզ անհրաժեշտ է երեք բան

  1. Հստակ ուղղություն տալ հեծյալին՝ գիտելիք, թե ինչպես հասնել վերջնակետին
  2. Մոտիվացնել փղին՝ գտնել էմոցիոնալ կապը
  3. Ձևավորել ճանապարհը՝ հեռացնելով խոչընդոտները և կարճացնելով այն

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ սովորում ենք վարքագծի փոփոխության ուսումնասիրություններից, այն է, որ իրազեկումը առանց հստակ քայլեր, գործողություններ առաջարկելու, ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև կարող է վնասել՝ հանգեցնելով հուսալքվածության, անտարբերության։ Պատկերացրեք, մենք մարդկանց կրթում ենք անտառահատման խնդրի մասին, նրանք իմանում են՝ ինչու է դա տեղի ունենում, ինչ հետևանքներ է ունենում, ովքեր են պատասխանատու։ Բայց հենց այդտեղ կանգնում ենք, ու չենք ներկայացնում, թե ինչ կարող է քաղաքացին անել։ Արդյունքում, մենք պարզապես նրան ասում ենք «կա լուրջ խնդիր, և դու մեծ հաշվով ոչինչ չես կարող անել»։ Քաղաքացին էլ մտածում է, որ ամեն ինչ անհույս է և ձեռնպահ է մնում։ Հիմա պատկերացրեք, որ քաղաքացին նույն կերպ լսում է կրթության, կոռուպցիայի, անվտանգության և բազում այլ խնդիրների վերաբերյալ։ Ուրեմն պետք չէ զարմանալ, որ քաղաքացիները երբեմն անտարբեր են թվում և չեն ցանկանում ներգրավվել։

Վարքագծի փոփոխության փուլերը

Այս ամենը հաշվի առնելով՝ թիրախ լսարանի վարքագծի փոփոխության համար մենք պետք է պլանավորենք 3 բան․ ինչ ենք ուզում իմանա, ինչ ենք ուզում զգա, և ինչ ենք ուզում անի։

  • Ինչ ենք ուզում իմանա

Խնդրի մասին, պատճառների, լուծումների։ Ի՞նչ համոզմունքներ ունի թիրախ լսարանը, որոնք կարող են խոչընդոտել վարքագծի փոփոխությանը։ Օրինակ, ընտանեկան բռնության դեպքում, հարևանները համոզմունք ունեն, որ ընտանիքում տեղի ունեցողը ընտանիքի ներքին գործն է և պետք չէ միջամտել։ Սա իմացության հետ կապ չունի, սա խորքային համոզմունք է, որը փոխել հնարավոր է միայն այլընտրանքային համոզմունքներ խթանելով, օր՝ որ մենք պետք է հոգ տանենք նրանց մասին, ով կարիքի մեջ է։

  • Ինչ ենք ուզում զգա

Կարևոր է տարբերակել թիրախ լսարանի հուզական վիճակը։ Տարբեր հույզեր, էմոցիաներ տարբեր կերպ են ազդում մարդկանց գործելու կարողության վրա․ որոշները խոչընդոտում են, որոշները՝ նպաստում։

Գործողությանը խոչընդոտող հույզեր

ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ Է

Գործողություն խթանող հույզեր

Իներցիա

ß

Հրատապություն

Վախ

ß

Հույս

Ապատիա

ß

Զայրույթ

Անինքնավստահություն

ß

Հավատ սեփական ուժերի հանդեպ

Մեկուսացում

ß

Փոխօգնություն / համերաշխություն

  • Ինչ ենք ուզում անի

Հանրային առողջության և հոգեբանության ոլորտի հետազոտողներ Ջեյմս Պրոչասկան և Կառլո ԴիԿլեմենտեն առաջարկում են «Փոփոխության փուլերի տեսությունը», ըստ որի, կախված նրանից, թե ինչ փուլում է թիրախ լսարանը գտնվում, պետք է առաջարկել աջակցություն առաջ շարժվելու համար։

Պատկերացնենք, որ մենք ուզում ենք երիտասարդները մասնակցեն տեղական ընտրություններին։

  • Չկա մտադրություն․ այս փուլում վարքագիծ փոխելու որևէ մտադրություն չկա։ Պատճառները կարող են տարբեր լինել՝ չգիտեն ընտրությունների մասին, չեն հավատում, որ կարող են ազդեցություն ունենալ։
    • Պետք է գրավել ուշադրությունը
    • Առաջացնել հուզական կապ
    • Ցույց տալ նրանց գործողության հավանական ազդեցությունը
  • Մտորում․ այս փուլում սկսում են մտածել մասնակցելու մասին, քննում են դրական և բացասական կողմերը։
    • Պետք է օգնել հասկանալ դրական հետևանքները
    • Աջակցել ինքնընկալմանը
  • Մտադրություն և նախապատրաստում․ այս փուլում կայացվում է որոշումը և սկսում է պլանավորումը։ Օրինակ ճշտում են ընտրատեղամասի հասցեն, ուսումնասիրում թեկնածուներին, որոշում՝ որ ժամին են քվեարկելու։
    • Օգնել լրացուցիչ տեղեկատվությամբ, ռեսուրսներով
    • Օգնել, որ հանձնառությունն ամրապնդվի
  • Գործողություն․ քվեարկում է։ Հասանք մեր անմիջական նպատակին։
  • Պահպանում․ բայց մեր աշխատանքը չի ավարտվում։ Սա մեկանգամյա գործողություն էր։ Մեզ անհրաժեշտ է, որ այն վերածվի կայուն վարքագծի։
    • Խրախուսել
    • Ստեղծել համայնք
    • Ստեղծել մինչև հաջորդ ընտրությունները մասնակցության հնարավորություններ
  • Ինքնություն․ այստեղ երիտասարդն արդեն կայուն կերպով ընտրությունների մասնակից է։ Նրանց այլևս համոզելու կարք չկա։ Փոխարենը պետք է ամրապնդել այդ ինքնությունը։
    • Իրենց դերը մեծացնելու հնարավորություններ՝ ելույթներ, դասընթացներ

Այս մոտեցումը հնարավորություն է տալիս անցնել մեկանգամյա գործողությունից կայուն ներգրավվածության, որը տեղի է ունենում ավելի երկար ժամանակահատվածում։ Կարևոր է հիշել, որ 100% արդյունք պետք չէ ակնկալել։ Ամեն հաջորդ փուլում լսարանի թիվը նվազելու է։

Վարքագծի փոփոխության գնահատումը

Եվ վերջում, մի փոքր այն մասին, թե ինչպես ճիշտ գնահատել վարքագծի փոփոխության արշավի արդյունավետությունը։

Բնականաբար, ինչպես «Թող աղջիկը ծնվի» արշավի դեպքում էր, ամենաարդյունավետը ելակետային տվյալներ ունենալն է թիրախ լսարանի համոզմունքների և վարքագծի վերաբերյալ և համեմատելը դրանք արշավից հետո։ Սա, սակայն, շատ ռեսուրսատար և մասնագիտական կարողություններ պահանջող միջոց է, և ոչ բոլոր կազմակերպությունները կարող են իրականացնել հանրային կարծիքի և վարքագծի ուսումնասիրության հետազոտություններ։

Փոխարենը, կարող եք դիտարկել ձեր թիրախ լսարանի ներգրավվածությունը արշավի տարբեր գործողություններին, որը կարող է վարքագծի փոփոխության հանձնառության վկայություն լինել։ Կարևոր է լսարանի համար ստեղծել հնարավորություններ, որպեսզի վերջինս ստանձնի այդ հանձնառությունը, որ կփոխի իր վարքագիծը։ Ցանկալի է՝ դրանք լինեն հնարավորինս հրապարակային, որպեսզի հնարավոր լինի ստուգել։  

Օժանդակ նյութեր

Ուղեղի ռացիոնալ և էմոցիոնալ համակարգերի մասին


Բեռնել

Սոցիալական փոփոխություններին նպաստող և խոչընդոտող տարածված համոզմունքների մասին


Բեռնել

Վարքագծի փոփոխության փուլերի մասին


Բեռնել

Հույզերի և պատմասանության դերի մասին


Բեռնել

«Թող աղջիկը ծնվի» արշավի մասին


Բեռնել

Տարածել