Ընդհանրապես ծառայությունների տրամադրումը քաղաքացիական հասարակության գործունեության ամենատարածված տեսակներից է։ Կազմակերպությունները, աշխատելով հասարակության տարբեր խմբերի հետ, իրականացնում են տարբեր կրթական/կարողությունների զարգացման ծրագրեր, տրամադրում են սոցիալական, իրավաբանական, հոգեբանական աջակցություն։ Այդ գործունեության շրջանակում, բացի ծառայություններից, կազմակերպությունները մշակում են նաև որոշ պրոդուկտներ՝ օրինակ, առցանց app, սեղանի խաղ, կրթական ծրագիր և այլն։
Բնականաբար, այստեղ հեշտ է զուգահեռներ տանելը գովազդի հետ։ Թվում է, թե երկուսի դեպքում էլ կա որևէ ծառայություն կամ պրոդուկտ, և արշավի նպատակն է խթանել թիրախ խմբի կողմից դրանցից օգտվելը։
Բայց այստեղ պետք է ընդգծել, թե ինչով են տարբերվում քաղհասարակության կողմից իրականացվող արշավները բիզնեսի կողմից իրականացվող գովազդից։ Արշավի ու գովազդի միջև տարբերությունները դրսևորվում են դրանց նպատակների, մեթոդների և տևողության հարցերում։
Արշավի նպատակը թիրախ լսարանից որոշակի արձագանք և ներգրավվածություն ստանալն է։ Մասնավորապես, արշավի արդյունքում ակնկալվում է թիրախ լսարանի կողմից տվյալ ծառայությունից կամ պրոդուկտից օգտվելու որոշակի աճ։ Գովազդի դեպքում, նպատակը ոչ այնքան պրոդուկտն է, ինչքան բրենդի ճանաչելիությունը։ Ապրանքի վաճառքի ցուցանիշները կարող է էականորեն չփոխվեն, բայց եթե բրենդը ավելի ճանաչելի է դառնում, գովազային արշավը ամեն դեպքում հասնում է իր նպատակին։
Ըստ այդմ էլ այս երկուսը տարբերվում են նաև թիրախ լսարանի հետ հաղորդակցության մեթոդների առումով։ Արշավի դեպքում հաղորդակցությունը երկկողմանի է, թիրախ լսարանի արձագանքը շատ կարևոր է։ Իսկ գովազդի դեպքում հաղորդակցությունը հաճախ միակողմանի է, քանի որ նպատակը թիրախ լսարանի համար հնարավորինս տեսանելի դառնալն է։
Եվ վերջում, ինչպես արդեն հասկացել ենք, արշավները ժամանակային առումով սահմանափակված են և կարճաժամկետ։ Իսկ գովազդը կարող է նույնիսկ շատ երկարաժամկետ լինել։
Մի քանի օրինակներ դիտարկենք մեր իրականությունից։
«Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ն մշակել է «Քաղաքական կոմպաս» առցանց գործիքը, որը թույլ է տալիս օգտատիրոջը որոշ հարցերի պատասխանելուց հետո պարզել իր քաղաքական գաղափարախոսությունը։ Կազմակերպությունն իրականացնում է արշավ՝ թիրախավորելով հատկապես երիտասարդներին՝ հաշվի առնելով վերջիններիս շրջանում քաղաքականության նկատմամբ ցածր հետաքրքրվածությունը։ Մարտավարությունների առումով, կազմակերպությունն օգտագործում է երիտասարդների կողմից շատ կիրառվող սոցցանցերը և ներգրավելով ինֆլյուենսըրների, խրախուսում նրանց օգտվել պրոդուկտից։
Մեկ այլ օրինակ, Գյումրիում գործող «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունը բռնության ենթարկված կանանց տրամադրում է սոցիալհոգեբանական և տնտեսական հզորացման ծառայություններ։ Թիրախավորելով Շիրակի մարզի կանանց, կազմակերպությունն առցանց արշավ է իրականացնում՝ գովազդային հոլովակների, ինֆլյուենսըրների ներգրավման, կանանց հետ դեմ առ դեմ հանդիպումների միջոցով։ Երկու արշավներն էլ իրենց արդյունավետությունը գնահատում են՝ ելնելով նրանից, թե որքանով են կարողացել հասնել թիրախ լսարանին, և վերջիններիս որ մասն է, ի վերջո, օգտվել ծառայությունից կամ պրոդուկտից։
Արշավը կարող է անդրադառնալ ինչպես խնդրի պատճառներին, այնպես էլ հետևանքներին։ Օրինակ, «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի արշավն անդրադառնում է երիտասարդների շրջանում քաղաքական մասնակցության ցածր մակարդակի պատճառներից մեկին՝ սեփական քաղաքական հայացքների մասին, քաղաքական կողմնորոշման մասին իրազեկված չլինելը։ Իսկ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի արշավն անդրադառնում է ընտանեկան բռնության հետևանքներին՝ տրամադրելով ծառայություններ բռնությունից արդեն իսկ տուժած կանանց։
Այժմ մտածեք ձեր խնդրի շուրջ։ Ի՞նչ ծառայություն կամ պրոդուկտ կարող եք առաջարկել։
Օրինակ՝
Դարձյալ տեսնում ենք, որ նպատակը մեզ հուշում է, թե ով է մեր թիրախ լսարանը, այս դեպքում՝ ո՞վ պետք է օգտվի պրոդուկտից կամ ծառայությունից։
Շատ կարևոր է հնարավորինս կոնկրետացնել թիրախ լսարանը, որպեսզի հնարավոր լինի գնահատել արշավի արդյունավետությունը։ Եթե ձեր նպատակն է օգնել հանքարդյունաբերության ոլորտի աշխատողներին, ում աշխատանքային իրավունքները խախտվում են, ապա այն դեպքում, որ ձեր թեժ գծին զանգում են այլ ոլորտների աշխատողները, թեև լավ է, բայց արշավի անարդյունավետության մասին է խոսում։ Կամ եթե ձեր ծառայություններից պետք է օգտվեն Շիրակի մարզի կանայք, բայց ձեզ դիմում են Լոռու մարզից, դարձյալ խնդիր է։
Երկխոսության մեջ մտեք ձեր լսարանի հետ։ Մարդիկ սիրում են լսել, թե ուրիշները ինչ են մտածում։ Միևնույն ժամանակ, նրանք ցանկանում են են, որ ուրիշներն իմանան, թե իրենք ինչ են մտածում։ Հարցեր տվեք լսարանին և փորձեք ավելին իմանալ նրանց մասին՝ ինչ են մտածում, ինչ գիտեն։ Դա կարող եք անել հարցումների, quiz-երի, հետադարձ կապի հնարավորությունների միջոցով։
Ներգրավեք ձեր համայնքը պրոդուկտը կամ ծառայությունը խթանելու գործողություններում։ Խրախուսեք նրանց ստեղծելու իրենց content-ը՝ օգտագործելով ձեր հեշթեգը, մասնակցելով ֆոտո կամ ֆիդեո մրցույթների։ Կիսվեք ձեր թիմի և աջակիցների մասին պատմություններով։
Ստեղծեք օգտակար բովանդակություն լսարանի համար՝ կրթական բլոգ պոստեր, հոլովակներ, ձեռնարկներ, վեբինարներ և այլն։
Ձեր լսարանից ոմանք կարող են ցանկություն ունենալ՝ անելու ավելին, քան պրոդուկտից կամ ծառայությունից օգտվելն է։ Տվե՛ք նրանց ներգրավվելու տարբեր հնարավորություններ, օրինակ՝ կամավորության միջոցով։ Սա օգնում է ձևավորել ձեր համայնքում միասնության և համերաշխության զգացում և ավելի է բարձրացնում նրանց ներգրավվելու պատրաստակամությունը։
Ֆոնդահայթայթման արշավը, բացի որոշ կարիքների համար անհրաժեշտ գումար հավաքելը, ևս երկու կարևոր նպատակ է հետապնդում։
Առաջինը արժեքների խթանումն է։ Պատկերացրեք, որ դուք ֆոնդահայթայթման արշավ եք իրականացնում, որպեսզի վերանորոգեք դպրոցի գրադարանը։ Դիմելով ձեր լսարանին աջակցության կոչով, դուք չեք սահմանափակվում պարզապես տեղեկություն հաղորդելով, թե ինչ է անհրաժեշտ գրադարանը նորորգելու համար։ Դուք նաև պատմում եք, թե ինչու է կարևոր գրադարանը։ Ինչ արժեքներ են ձեզ մղում նախաձեռնել այդ գործողությունը, օրինակ՝ երեխաների ինքնակրթությունը, ստեղծագործականությունը, կամ համայնքի համար շփումների հարթակ ստեղծելը և այլն։
Երկրորդ կարևոր նպատակը համախոհների ներգրավումն ու համայնքի ձևավորումն է։ Ֆոնդահայթայթման արշավը չի ավարտվում նրանով, որ մարդիկ նվիրատվություն են կատարում։ Կարևոր է հիշել, որ նրանք կիսում են ձեր արժեքները և շատերը պատրաստ կլինեն ավելի մեծ ներգրավվածություն ունենալ։ Ուստի անհրաժեշտ է հնարավորություն տալ մարդկանց այդ համայնքի մաս զգալու, մյուսների հետ կապ ունենալու։
«Հոդված 3» ակումբի կողմից իրականացվող արշավը նպատակ ունի անհրաժեշտ գումար հավաքել՝ պատերազմից տուժած կանանց աջակցության ծրագիրն իրականացնելու համար։ Մասնավորապես, այդ ծրագրի շրջանակում կանայք հնարավորություն են ստանում ձեռք բերել նոր մասնագիտություն և աշխատանքային գործիքներ՝ աշխատաշուկա մտնելու համար։ Արշավի շրջանակում կազմակերպությունը ներկայացնում է ծրագրի մասնակիցների մարտահրավերները և հաջողությունները՝ ֆոտո և վիդեո պատմությունների միջոցով։ Արժեքային առումով այս պատմությունները շեշտը չեն դնում պարզապես գործազրկության կամ տնտեսական կարիքների վրա, այլ կարևորում են այդ կանանց հոգեբանական վերականգնումը, նոր կյանք սկսելը։
«Մարդու իրավունքների տուն – Երևան»-ի արշավի նպատակն էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, անհատ իրավապաշտպանների, ակտիվիստների ու լրագրողների համար նախատեսված ֆիզիկական տարածքը/շինությունը վերանորոգելը։ Ներկայացնելով այդ տարածքի նշանակությունը՝ կազմակերպությունը պատրաստել էր շահառուների վիդեոպատմություններ, որտեղ վերջիններս խոսում են այն մասին, թե ինչու է կարևոր ՄԻՏ-ը։ Բացի առցանց արշավից, կազմակերպությունը նաև իրականացրել է միջոցառում՝ իրավապաշտպանների միջազգային օրվան նվիրված, որը հնարավորություն էր տվել համախմբելու համախոհներին և աջակիցներին։
Ի՞նչ խնդիրների եք բախվում, որոնց լուծումը պահանջում է ֆինանսների ներգրավում։ Ձեր նպատակը կարող է լինել․
Ձեր թիրախ լսարանը այն մարդիկ են, ումից նվիրատվություն եք ակնկալում։ Կարևոր է կոնկրետացնել թիրախ լսարանը։ Թեև միշտ էլ կարելի է ակնկալել, որ կլինեն նվիրատվություններ մարդկանց կողմից, ումից դուք չէիք սպասում, բայց արշավի արդյունավետության տեսանկյունից կարևոր է հենց սկզբից պլանավորել, թե ովքեր են հավանական դոնորները։
Ֆոնդահայթայթման արշավների տարբեր մարտավարություններ կան, որոնց մասին շատ ավելի մանրամասն համացանցում կարող եք գտնել։ Ամենատարածված միջոցներից են առցանց քրաուդֆանդինգները, որոնց համար կան հատուկ հարթակներ։ Քրաուդֆանդինգի հանրայնացման համար արդյունավետ միջոցներ են մեդիայի կամ ինֆլյուենսըրների հետ համագործակցությունը։ Կարևոր է չսահմանափակվել միայն առցանց գործողություններով։ Կազմակերպելով բաց միջոցառումներ, օրինակ՝ մշակութային, և համադրելով դրանք ֆոնդահայթայթման հետ, դուք հնարավորություն եք տալիս ձեր աջակիցներին հանդիպել միմյանց և հարաբերություններ ստեղծել։ Նման միջոցառումների տարածված օրինակ են նաև ցուցահանդես – վաճառքները, օրինակ՝ ձեռագործ իրերի։ Աջակիցներին ներգրավելու մեկ այլ տարբերակ է նաև ցանցային արշավը, երբ տարբեր անհատներ իրականացնում են նույն նպատակին ուղղված առանձին քրաուդֆանդինգային արշավներ։
Ֆոնդահայթայթման արշավներ իրականացնելիս կարևոր է ապահովել արշավի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Հիմնավոր կերպով ներկայացրեք թիրախ լսարանին, թե ինչքան գումար եք ակնկալում, ինչպես եք այդ թիվը ստացել, ինչպես է յուրաքանչյուր նվիրատվություն օգնելու արշավի նպատակին։ Արշավի ընթացքում ստացված նվիրատվությունների մասին, ինչպես նաև հավաքագրված գումարը ծախսելու մասին, պարբերաբար հաշվետու եղեք նվիրատվություն կատարողներին և ձեր համայնքին։
Ինչպե՞ս գնահատել պրոդուկտի կամ ծառայություն առաջխաղացման և Ֆոնդահայթայթման արշավների արդյունավետությունը։ Առաջին հերթին կարող ենք գնահատել, թե որքանով ենք կարողացել հասնել թիրախ լսարանին, և թիրախ լսարանից որքա՞ն է այն մարդկանց թիվը, ովքեր օգտվել են տվյալ պրոդուկտից, ծառայությունից կամ էլ նվիրատվություն են կատարել։ Ավելի երկարաժամկետ առումով, կարող ենք դիտարկել՝ արդյոք ունենք լսարանի կայուն ներգրավվածություն։ Դա կարող է լինել ինչպես շարունակաբար օգտվելը պրոդուկտից կամ ծառայությունից, կամ կրկնվող նվիրատվությունները, այնպես էլ այլ ձևաչափերով նրանց ներգրավվածությունը։
Սոցիալական մեդիայում լսարանի ներգրավման մասին
Ռեարմենիա քրաուդֆանդինգ հարթակ