Արշավի ռազմավարությունը․ թիրախ լսարան

Արշավի ռազմավարությունը․ թիրախ լսարան

    Ինչպե՞ս ենք որոշում, թե ով կամ ովքեր են արշավի թիրախ լսարանը։ Ի՞նչ պետք է իմանանք թիրախ լսարանի մասին, որպեսզի արդյունավետ հաղորդակցվենք նրանց հետ, և ինչպե՞ս կարող ենք ուսումնասիրել թիրախ լսարանը։

    Թիրախ լսարանի ընտրությունը և ուսումնասիրությունը արշավի պլանավորման համար շատ կարևոր է, քանի որ սոցիալական փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մարդիկ գործելու որոշում են կայացնում, իսկ ձեր արշավները կարող են օգնել նրանց կայացնել այդ որոշումը։ Բայց սրա համար կարևոր է, որպեսզի հստակ պատկերացում ունենանք, թե ում որոշման վրա պետք է ազդել և ինչպես։

    Շահակիրների քարտեզագրում

    Արշավի խնդիրը ուսումնասիրելիս, ինչպես նաև նպատակն ու արդյունքները սահմանելիս արդեն կարող են ի հայտ գալ տարբեր մարդիկ, խմբեր, կազմակերպություններ, կառույցներ։ Մենք արդեն սկսել ենք մտածել արշավի շահակիրների մասին, այսինքն՝ մեր խնդրի և նպատակի հետ կապված որևէ շահ ունեցող մարդկանց և կազմակերպությունների մասին։ Այժմ փորձենք համալրել և համակարգել այդ ցանկը։

    Առաջին հերթին, նշում ենք նրանց, ովքեր խնդրի անմիջական ազդեցություն կրողներն են։ Կախված ձեր խնդրից՝ դա կարող են լինել ձեր թաղամասի կամ համայնքի բնակիչները, ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք, ուսուցիչները։ Մեր օրինակում դա կրթությունից դուրս մնացած երեխաներն են և նրանց ընտանիքները։ Այնուհետև կարող ենք ավելացնել նրանց հետ անմիջական կապ ունեցողներին։ Օրինակ՝ դպրոցի աշակերտները, ուսուցիչները, տնօրենը, երեխայի ընկերները, ծնողների ընկերները, հարևանները, բժիշկը և այլն։ Այստեղ կարող եք նաև ավելացնել ձեր կազմակերպությունը։

    Հաջորդիվ, ավելացնում ենք խնդրի ազդեցությունը կրողների հետ անուղղակի կապ ունեցող անձանց և կազմակերպություններին։ Սկսեք տեղական մակարդակից և անցեք ազգայինի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջազգայինի։ Մեր օրինակում դա կարող են լինել ՏԻՄը, եկեղեցին, տեղական բիզնեսները, ոստիկանությունը, ՀԿ-ները, փորձագետները, մեդիան, մարզպետարանը, ոլորտային նախարարությունները, և այլն։

    Իսկ ինչպե՞ս կարող ենք կողմնորոշվել, թե այսքանից որ մեկն ընտրել։ Այս հարցին ավելի հեշտ կլինի պատասխանել, եթե պատասխանենք մեկ այլ հարցի՝ ո՞ր լսարանն է ամենակարևորը մեր նպատակի համար։ Այստեղ մեզ կարող է օգնել շահակիրների քարտեզագրման գործիքը։

    Այն առաջարկում է խնդրի հետ առնչություն ունեցող անձանց և կազմակերպություններին տեղավորել երկու առանցքների վրա։ Ուղղահայաց առանցքը ցույց է տալիս, թե շահակիրները ինչ աստիճանի ազդեցություն ունեն մեր արշավի նպատակին հասնելու տեսանկյունից։ Առանցքի վերին հատվածում նշում ենք այն մարդկանց կամ կազմակերպությունները, որոնք ունեն ամենամեծ ազդեցությունը, իսկ ներքևում՝ ամենաքիչ ազդեցությունը։ Հորիզոնական առացնքն արտահայտում է՝ արդյոք շահակիրներն աջակցում են մեր արշավի նպատակին, թե ոչ։ Ձախ կողմում նրանք են, ովքեր դեմ են մեր արշավի նպատակներին և ցանկալի փոփոխություններին, իսկ աջ կողմում նրանք, ովքեր կողմ են։

    Մեծ ազդեցություն

    Միջին ազդեցություն

    Ցածր ազդեցություն

    Դեմ

    Չկողմնորոշված

    Կողմ

    Առաջնային և երկրորդային թիրախ լսարաններ

    Երբ բոլոր շահակիրներին տեղադրեք առանցքների վրա, պատասխանեք երկու հարցի։ Առաջինը՝ ո՞վ կարող է մեզ տալ այն փոփոխությունը, որին ձգտում ենք, ո՞վ կարող է մեզ ամենաշատը օգնել՝ հասնելու մեր նպատակին։ Սա ձեր առաջնային թիրախ լսարանն է։  Երկրորդ հարցը՝ ո՞ւմ կարող ենք ներգրավել, որպեսզի ազդենք առաջնային թիրախի վրա։ Սա ձեր երկրորդային թիրախ լսարանն է։

    Այսպես, մեր օրինակում, եթե մենք ցանկանում ենք, որ կառավարությունը մշակի հստակ կարգավորումներ կրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և դպրոց ուղղորդելու վերաբերյալ, մեր առաջնային թիրախը կրթության նախարարությունն է։ Իսկ երկրորդային թիրախ կարող են լինել կրթությունից դուրս մնացած երեխաների ծնողները, ուսուցիչները, սոցիալական աշխատողները, հասարակական կազմակերպությունները, որոնց հետ մենք աշխատելու ենք, որպեսզի ազդենք առաջնային թիրախի որոշման վրա։

    Թիրախ լսարանի ուսումնասիրություն

    Թիրախ լսարանի ուսումնասիրության համար կարող եք կիրառել ևս մեկ պարզ գործիք, որը կոչվում է «Թիրախ լսարանի անձնագիր» և միտված է լսարանն ավելի անձնավորված պատկերացնելուն։

    Եթե պատկերացնեք ձեր թիրախ լսարանը որպես շատ կոնկրետ մեկ անձ, ինչպիսի՞ հատկանիշներ նա կունենա։ Տվեք նրան անուն, տարիք և այլ դեմոգրաֆիկ հատկանիշներ։ Եթե դժվարանում եք, կարող եք կառուցել այս անձնագիրը՝ մտքում որոշակի անձանց ունենալով։ Որոշ արշավների դեպքում թիրախը շատ կոնկրետ անձնավորություն է, օրինակ՝ նախարարը, համայնքի ղեկավարը և այլն։ Այդ դեպքում կարող եք լրացնել հենց այդ անձի տվյալները։

    Այնուհետև շատ հստակ ձևակերպեք, թե ինչ եք ուզում, որ թիրախն անի ձեր նպատակին հասնելու համար։

    Հաջորդիվ մտածեք երեք պատճառ, թե ինչու թիրախը կարող է շահագրգռված լինել անելու այն, ինչ ակնկալում եք, և երեք պատճառ, թե ինչու կարող է խուսափել կամ հրաժարվել դա անելուց։

    Հաջորդ հարցը՝ ու՞մ է լսում և վստահում ձեր թիրախ լսարանը։ Սա կարևոր է խոսնակի համար։

    Եվ վերջինը՝ ինչ է կարդում, լսում և դիտում։ Որտեղ և ինչպես ենք նրա հետ հաղորդակցվելու։

    Թիրախ լսարանի անձնագիր

    Լսարան

    Ովքե՞ր են։ Հնարավորինս կոնկրետացրեք՝ ժողովրդագրական տվյալներ, դեր և այլն։ Եթե մտքում ունեք լսարանը ներկայացնող կոնկրետ անձ, նշեք անունը։

     

    Ակնկալվող գործողություն

    Ի՞նչ եք ուզում, որ լսարանն անի, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Որքան կոնկրետ, այդքան՝ լավ։ Օրինակ՝ դառնալ կամավոր, կիսվել իրենց փորձառությամբ, և այլն։

     

    Շարժառիթ

    Ի՞նչն է նրանց համար կարևոր։ Ի՞նչը կարող է մղել նրանց գործողության։ Ի՞նչ արժեքներ ունեն։

     

    Խոչընդոտ

    Ի՞նչը կարող է նրանց հետ պահել անելուց այն, ինչ դուք ակնկալում եք։ Ի՞նչ պատճառաբանություն կարող են նրանք բերել։

     

    Խոսնակ

    Ո՞ւ մ է լսում և վստահում թիրախ լսարանը։

     

    Միջոց

    Ի՞նչ են դիտում, լսում և կարդում։

     

    Կազմեք նման անձնագրեր ձեր արշավի բոլոր առաջնային և երկրորդային թիրախ լսարանների համար։ Այս փուլում որոշ հարցերի պատասխաններ հնարավոր է չունենաք։ Սակայն կարևոր է, որ մենք երբեք թիրախ լսարանի վերաբերյալ ենթադրություններով չառաջնորդվենք։

    Իսկ ինչպե՞ս ձեռք բերել անհրաժեշտ տեղեկությունները։ Սա, իհարկե, կախված է ձեր ռեսուրսներից։ Որոշ կազմակերպություններ պատվիրում են սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք խորքային պատկերացում են տալիս լսարանի դիրքորոշումների, համոզմունքների վերաբերյալ։ Բայց, եթե դուք ընդհանրապես գումար չունեք, կարող եք թիրախ լսարանի ուսումնասիրությունն անել՝ ուսումնասիրելով առկա հետազոտությունները, կամ դիտարկելով, թե մեդիայում ինչպես է ներկայացվում այս թեման, կամ էլ պարզապես հավաքվեք ձեր թիմով, աջակիցներով և փորձեք հավաքագրել ձեր պատկերացումները։ Իսկ եթե որոշակի ռեսուրսներ ունեք, ապա կարող եք անցկացնել պարզ հարցազրույցներ կամ ֆոկուս խմբային քննարկուներ ձեր շրջապատում գտնվող մարդկանց հետ, այսինքն՝ ձեր թիրախ լսարանի ներկայացուցիչների հետ։

    Օժանդակ նյութեր

    Արշավի պլանավորման ձեռնարկ, MobLab module 1, Section 3


    Բեռնել

    Արշավի պլանավորման ձեռնարկ, MobLab module 2


    Բեռնել

    Տարածել