Լսարանի և աջակիցների ներգրավում

Լսարանի և աջակիցների ներգրավում

Այս դասախոսության ընթացքում մենք մի փոքր ավելի մանրամասն կքննարկենք արշավների շրջանակում աջակիցների ներգրավվածության մասին։ Քաղհասարակության կողմից իրականացվող արշավների դեպքում կազմակերպության աջակիցներն արշավի ազդեցության հիմնական աղբյուրն են։ Քանի որ հանրային արշավներն ունեն հստակ նպատակ և պրոակտիվ են, դրանք շատ լավ հնարավորություն են ընձեռում կազմակերպություններին մոբիլիզացնել իրենց աջակիցներին, ինչպես նաև նոր աջակիցներ ներգրավել։

Արշավներ պլանավորելիս և իրականացնելիս մեր հիմնական խնդիրն այդ աջակցությունն ավելի կազմակերպված դարձնելն է։ Որովհետև մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ հազարավոր մարդիկ ամբողջ երկրում կիսեն մեր կարծիքը որևէ խնդրի վերաբերյալ։ Բայց, եթե նրանք մնան մեկուսացված և անտեսանելի, նրանք որևէ ազդեցություն չեն կարողանա ունենալ։ Այն արշավները, որոնք կարողանում են կազմակերպել իրենց աջակիցներին և նրանց համար ապահովել արշավին ներգրավվելու թիրախային հնարավորություններ, ավելի ազդեցիկ են, ուստի և հաջողելու ավելի հավանականություն ունեն։

Սոցիալական ներգրավվածության աստիճան

Առաջին բանը, որ պետք է արձանագրենք, այն է, որ մեր ոչ բոլոր աջակիցներն ունեն ներգրավվածության նույն մակարդակը։ Նրանք սփռված են, այսպես կոչված, «սոցիալական ներգրավվածության աստիճանի» երկայնքով։ Եկեք տեսնենք, թե աստիճանի յուրաքանչյուր մակարդակում ինչ տեսք ունի ներգրավվածությունը։

Առաջին մակարդակը իրազեկ դիտորդն է։ Այս մակարդակում աջակիցները հետաքրքված են այն խնդրով, որի շուրջ դուք աշխատում եք։ Նրանք միգուցե նաև տեղյակ լինեն ձեր կազմակերպության մասին, թեև նրանք դեռևս ձեզ հետ կապի մեջ ջեն։ Ձեր խնդրի և ձեր կազմակերպության մասին նրանք ստանում են տեղեկություններ ոչ թե ուղղակիորեն ձեզանից, այլ ուրիշ միջոցներով։ Օրինակ, նրանք կարող է տեսնել, որ իրենց ֆեյսբուքյան ընկերներից մեկը կիսվել է ձեր էջի որևէ հրապարակմամբ։

Երկրորդ մակարդակը հետաքրքրված հետևորդն է։ Այստեղ աջակիցներն արդեն ձեզ հետ կապի մեջ են։ Նրանք համաձայնում են տեղեկություններ ստանալ անմիջապես ձեզանից՝ տրամադրելով իրենց կոնտակտները, հետևելով ձեր սոցիալական ցանցերին, կամ բաժանորդագրվելով ձեր newsletter-ին։

Երրորդը փոխգործակցող համախոհն է: Այս աջակիցները կարող է ներգրավվեն մեկանգամյա կամ միանշանակ գործողության մեջ, որն ունի ցածր ռիսկայնություն և չի պահանջում շատ ներդրում։ Նրանք կիսվում են ձեր ստեղծած բովանդակությամբ սոցցանցերում, մասնակցում ստորագրահավաքին, կամ կատարում մեկանգամյա փոքր նվիրատվություն։

Չորրորդ մակարդակում ներգրավված ակտիվիստն է։ Նա մասնակցում է բազմակի գործողությունների, որոնք պահանջում են ժամանակի, ռեսուրսների, կապերի նշանակալի ներդրում։ Միանում է որևէ խմբի, կամավորություն անում, բովանդակություն է ստեղծում, մեծ կամ պարբերական նվիրատվություններ անում։

Եվ վերջին մակարդակում ունենք հանձնառու ջատագովներին։ Նրանք դրսևորում են շարունակական ներգրավվածություն, ժամանակի, ռեսուրսների և կապերի մեծ ներդրում։ Ջատագովը հրապարակումներ է անում արշավի մասին, հանրային ելույթներ ունենում, ակտիվորեն նոր կամավորներ և աջակիցներ հավաքագրում։

Աջակիցների յուրաքանչյուր տեսակի համար մենք կարող ենք նախաձեռնել թիրախային գործողություններ, որպեսզի նրանց համախմբենք։

Իրազեկ դիտորդի հետ պետք է երկխոսություն սկսել։ Դա կարելի է անել պարբերաբար կազմակերպվող միջոցառումների միջոցով, որոնց ժամանակ դուք կարող եք խնդրել ձեր հետևորդներին և ավելի ակտիվ ներգրավված աջակիցներին հրավիրել իրենց ընկերներին։ Իսկ սոցիալական ցանցերում մտածեք, թե ինչպիսի բովանդակություն կարող եք ստեղծել, որը կմոտիվացնի նրանց արձագանքել, օրինակ՝ կարող եք հրապարակումներում խնդրել, որ մարդիկ պատասխանեն որոշ հարցերի, կամ մեկնաբանություն թողնեն և այլն։

Հետաքրքված հետևորդներին պետք է հնարավորություն տալ հրապարակայնացնելու իրենց աջակցությունը։ Ամենապարզ ձևերից մեկը, իհարկե, սոցիալական ցանցերում իրենց պրոֆիլի նկարները փոխելն է կամ թեմատիկ շրջանակ ավելացնելը։ Սրա համարժեքի համացանցից դուրս այն է, երբ համախոհը կրում է արշավին վերաբերող թևնոց, շափիկ, կտորե պայուսակ և այլն։ Մեկ այլ տարբերակ էլ նրանց հնարավորություն ընձեռելն է, որպեսզի կիսվեն ֆոտոներով, վիդեոներով կամ իրենց փորձառության պատմությամբ սոցիալական ցանցերում։

Փոխգործակցող համախոհներին պետք է հնարավորություն ընձեռել իրենց կարծիքներն ու համոզմունքներն արտահայտելու։ Դա կարելի է անել՝ հրավիրելով նրանց քննարկումների, խորհրդակցությունների, անցկացնել նրանց հետ հարցումներ և այլն։ Համախոհների ներգրավվածությունը խթանելու տարածված ձևերից են challenge-ները, որոնց միջոցով նրանք միանում են որևէ համարձակ գործողության այլ համախոհների հետ։

Եվ ներգրավվածության վերջին երկու մակարդակներում գտնվող աջակիցներին կարելի է համախմբել՝ նրանց ավելի մեծ պատասխանատվության ստանձնելու հնարավորություններ ընձեռելով։ Օրինակ, աջակիցները կարող են իրենք կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ և այլն։ Աջակիցներին կարող եք դիմել նաև արշավի գործողությունների առաջարկներ ներկայացնելու, սլոգանի և լոգոյի տարբերակներ ուղարկելու համար։

Աջակցի ուղին

Արշավի շրջանակում աջակիցների ներգրավումը պլանավորելիս հաջորդ քայլը պետք է լինի պլանավորելը, թե ինչպես ենք աջակիցներին ներգրավվածության մի մակարդակից բարձրացնելու հաջորդին։ Այս նպատակով կարող եք օգտագործել «աջակցի ուղին» գործիքը։ Այն ունի հետևյալ տեսքը։

Ներգրավվածության աստիճանի յուրաքանչյուր մակարդակի համար սահմանում ենք, թե ովքեր են աջակիցները։ Այնուհետև մտածում ենք, թե նրանց ներգրավելու համար ինչ գործողություն ենք առաջարկելու և ինչ ենք արդյունք ենք ակնկալում։ Եվ վերջում՝ որն է լինելու նրանց ներգրավելու հաջորդ քայլը։

Ներգրավվածության ներկայիս մակարդակ

Ներգրավվածության խթանման գործողություն

Ակնկալվող արդյունք

Հաջորդ քայլ

Հետաքրքրված հետևորդներ մարդիկ, ովքեր հետևում են մեր ֆեյսբուքյան էջին, բայց երբևէ որևէ գործողության մեջ չեն ներգրավել

Փոխել ֆեյսբուքի պրոֆիլի նկարը՝ ի աջակցություն արշավին

կապ կհաստատենք 100 հետևորդների հետ և նրանց 20%ը կփոխի իր նկարը

անհատապես կապվել նրանց հետ, շնորհակալություն հայտնել և խնդրել, որ լրացնեն արշավի թեմային վերաբերող հարցում կամ quiz

Աջակցի ուղին կազմելիս կարող եք հետևել որոշ հաջողված պրակտիկաների, որոնք կօգնեն ձեզ ունենալ աջակիցների ավելի մեծ ներգրավվածություն։

Առաջին հերթին, միշտ ունեցեք որևէ գործողություն, որին աջակիցները կարող են մասնակցել։ Կարևոր է հիշել, որ արշավը ոչ մի դեպքում չպետք է լինի միակողմանի հաղորդակցություն։ Լսարանը ոչ թե դիտորդ է, այլ մասնակից, ուստի մենք ուզում ենք երկկողմանի կապ ստեղծել լսարանի հետ և ներգրավվելու հնարավորություններ տրամադրել։ Որքան տարբերակված են գործելու հնարավորությունները տարբեր աջակիցները համար, այդքան նրանց ներգրավվելու հավանականությունը ավելի մեծ է։ Օրինակ, կարելի է արշավի ընթացքում հրապարակել իրազեկող նյութեր «5 բան, որ դու կարող ես անել X խնդրի հետ կապված», և այդ 5 գործողությունները պետք է ենթադրեն ներգրավվածության տարբեր մակարդակներ տարբեր աջակիցների համար։ Հատկապես, եթե արշավը վերաբերում է դժվար խնդիրների, մարդիկ կարող են անօգնական և հուսահատ դառնալ, եթե մենք նրանց չենք տալիս լուծման մասը դառնալու հնարավորություն։

Երկրորդ՝ օգնեք, որ աջակիցներն իրենց զգան որևէ մեծ բանի մի մաս։ Երբեմն աջակիցների մոտ կարող է լինել տպավորություն, որ արշավը չի անդրադառնում ավելի մեծ խնդիրների կամ ազդեցություն չունի դրանց վրա։ Ուստի կարևոր է հիշեցնել այն տեսլականը, որը դուք մշակել եք, և փորձել նրանց համախմբել այդ տեսլականի շուրջ։ Ի վերջո, արշավում նրանց ներգրավվածությունը ոչ միայն տվյալ խնդրի լուծմանն է ուղղված, այլ ավելի մեծ տեսլականին հասնելու ճանապարհին մի քայլ է։ Անհրաժեշտ է շարունակաբար նորոգել նրանց հանձնառությունը այդ տեսլականին հասնելու համար։

Երրորդ՝ ցույց տվեք աջակիցներին, որ նրանք համայնքի մաս են կազմում։ Այդ համայնքը չպետք է միայն սահմանափակված լինի այն մարդկանցով, ովքեր համախմբվել են ձեր արշավի շուրջ։ Ստեղծեք կապեր այդ նույն խնդրի կամ հարակից թեմաների շուրջ գործող կազմակերպությունների և անհատների հետ և ձևավորեք հարաբերություններ նրանց և ձեր աջակիցների միջև։ Սա կօգնի աջակիցներին ցույց տալ, որ նրանք ոչ թե պարզապես մի արշավ են իրականացնում, այլ մի ամբողջ շարժման մաս են (օրինակ՝ բնապահպանական շարժումը)։ Այդ շարժման մեծությունը և պատմությունը կարող են ոգեշնչել աջակիցներին։

Եվ վերջում, երբեմն աջակիցները հետաքրքրված են ձեր արշավի բուն խնդրով, բայց գուցե ոչ դրա առանձին ասպեկտով կամ դրա ազդեցությամբ կոնկրետ խմբերի վրա, ուստի չեն ուզում ավելի մեծ ներգրավվածություն ունենալ։ Այստեղ անհրաժեշտ է ցույց տալ այդ խնդրի կապվածությունը այլ, երբեմն ավելի մեծ խնդիրների հետ և ընդգծել դրանց ընդհանուր պատճառները։ Որևէ խնդիր առանձին կղզյակ չէ։

Օժանդակ նյութեր

Mobilization Lab, Module 3


Բեռնել

Տարածել