Ջատագովության արշավներ

Ինչ է ջատագովությունը

Քաղաքացիական հասարակության կողմից սոցիալական փոփոխությունների հասնելու նպատակով իրականացվող մեկ այլ արշավի տեսակ է ջատագովության արշավը։ Ջատագովությունը կազմակերպված գործողությունների համախումբ է՝ մշակված փոփոխության հասնելու նպատակով քաղաքականությունների և որոշումների վրա ազդելու համար։

Ջատագովության դեպքում խնդրի լուծման ճանապարհին խոչընդոտ է դիտարկվում պատասխանատու կառույցների կողմից կարգավորումների կամ որոշումների բացակայությունը կամ դրանց թերի լինելը։ Այսինքն, կա հստակ պահանջ և կա կոնկրետ որոշում կայացնող։

Կախված նրանից, թե ինչպիսի վերաբերմունք ունի որոշում կայացնողը ձեր պահանջի նկատմամբ  ջատագովության ռազմավարությունները կարող են լինել 2 տեսակի՝ համակարգի ներսում և համակարգից դուրս։

Առաջին դեպքում, որոշում կայացնողը պատրաստ է լսել և համագործակցել քաղհասարակության հետ։ Այս պարագայում ուղղակի աշխատանք է տարվում քաղաքականություն մշակողների հետ համատեղ լուծումներ գտնելու համար (օր՝ Պիլոտային կամ մոդելային ծրագիր, Համագործակցություն և համատեղ իրագործում, Հետազոտություն, մշտադիտարկում, Լոբիինգ և բանակցություններ)

Երկրորդ դեպքում, որոշում կայացնողներն անտեսում են կամ հակադրվում են քաղհասարակության պահանջներին։ Այս պարագայում անհրաժեշտ է դառնում որոշում կայացնողի վրա քաղաքական ճնշում գործադրել՝ օգտագործելով արտաքին հնարավորությունները, հանրային համախմբումը, մեդիայի ուշադրությունը հանրային օրակարգ ձևավորելու համար։

Ջատագովության արշավները հիմնականում հենց այս երկրորդ տեսակի՝ համակարգից դուրս ռազմավարության դրսևորում են։

Ջատագովության արշավի օրինակ

2015թ. փետրվարին, Մեծ Այրումի համայնքի բնակիչները տեղեկացան, որ համայնքի իշխանությունները նախատեսում են համայնքի 12 հեկտար հողատարածքը տրամադրել «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ին՝ նոր պոչամբարի կառուցման համար: Այս պոչամբարը պետք է լիներ ներկա Նահատակ պոչամբարի շարունակությունը: Կառավարությունն արդեն դրական եզրակացություն էր տվել Նահատակ պոչամբարի կառուցման վերաբերյալ: Պոչամբարի կառուցումը սկսելու համար այդ հողերի կատեգորիան գյուղատնտեսական նշանակության կարգավիճակից պետք է փոխվեր արդյունաբերականի:

Բնակիչներն գործող պոչամբարի փորձից ելնելով, որն արդեն մեծ վնասներ է հասցրել իրենց, դեմ հանդես եկան նոր պոչամբարի կառուցմանը։ Համայնքի առավել ակտիվ բնակիչների հետ միասին «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ նախաձեռնեց «Ոչ պոչամբարին» լոզունգով արշավը, որի նպատակն էր թույլ չտալ պոչամբարի կառուցումը։

Սկզբնական փուլում արշավն ուղղված էր բնակչության շրջանում հիմնախնդրի հանրայնացմանը և ավագանու որոշումների ընդունման գործընթացում բնակիչների ներգրավմանը: Հետագայում, երբ հողերի կարգավիճակի փոփոխման որոշումն արդեն ընդունվեց, կարիք եղավ ընդլայնել հանրայնացման շրջանակները և թիրախավորել նաև պետական կառավարման մարմիններին։ Արշավի արդյունքում, Բնապահպանության նախարարությունը ստուգումներ իրականացրեց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գործունեության առնչությամբ, որի արդյունքում ձեռնարկությունը ենթարկվեց բավականին մեծ տուգանքների և հետ կանգնեց պոչամբարը կառուցելու որոշումից։

Ինչպե՞ս կարողացան բնակիչները ազդել կառավարության որոշման վրա։ Արշավի ընթացքում մի շարք մարտավարություններ են կիրառվել, օրինակ որոշում կայացնողներին ուղղված և բնակչության կողմից ստորագրված բաց նամակ, սոցիալական ցանցերում նախաձեռնված «Դեմ եմ պոչամբարի կառուցմանը. S.O.S. Մեծ Այրում» գրությամբ պաստառով ֆոտոքարոզարշավ, լրագրողները հնարավորություն ունենան տեղեկատվություն ստանալ անմիջապես դեպքի վայրից և բնակիչներից, հանդիպում ԱԺ գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի անդամների հետ, փորձագիտական աջակցության ներգրավում բնապահպանական ՀԿ-ների կողմից և այլն։

Ջատագովության արշավի նպատակը և թիրախը

Ի՞նչ քաղաքականություն եք ուզում փոխել, դա կարող է լինել օրենք, կարգավորում, բյուջեի վերաբաշխում կամ այլ որոշման տեսքով։ Օրինակ՝

  • Մենք ուզում ենք, որ ավագանին գումար հատկացնի թափառող շների համար ապաստարան կառուցելու համար
  • Մենք ուզում ենք, կառավարությունը քաղաքականություն մշակի մարզային տրանսպորտի զարգացման համար
  • Մենք ուզում ենք, որ ԱԺ-ն ընդունի օրենք հանրային կյանքի բոլոր ոլորտներում խտրականությունը բացառելու վերաբերյալ

Նպատակներից ակնհայտ է դառնում թիրախը։ Դրանք իշխանություն ունեցողներն են, որոշում կայացնողները։ Կախված խնդրից՝ որոշում կայացնողներ կարող են լինել անհատներ, մարդկանց խմբեր, կազմակերպություններ կամ հաստատություններ՝ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, համայնքային իշխանություն, անգամ բիզնես լիդերներ։  

Թիրախը ընտրելիս կարևոր է այն հնարավորինս կոնկրետացնել։

Առաջին հերթին, դա կարելի է անել թիրախը անձնավորելով։ Այսինքն, թիրախը ոչ թե Առողջապահության նախարարությունն է, այլ նախարարը, ոչ թե ԱԺ-ն, այլ կոնկրետ պատգամավորները։ Ի վերջո, որոշումները կոնկրետ անձինք են կայացնում, այլ ոչ թե վերացական կառույցը։

Երկրորդ, պետք է պարզել, թե ով է տվյալ խնդրի վերաբերյալ իրական որոշում կայացնողը։ Երբեմն, որոշումների կայացման գործառույթը ի պաշտոնե կարող է լինել մի տեղ, բայց իրական իշխանությունը մեկ այլ տեղ։ Օրինակ, ի պաշտոնե որոշում կայացնող կարող է լինեն ավագանու անդամները կամ ոլորտային նախարարը, բայց իրական ազդեցություն ունեցողը լինի մարզպետը կամ փոխնախարարը։ 

Թիրախը սահմանելուց հետո պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է ազդել նրա վրա, որպեսզի կայացնի ձեզ անհրաժեշտ որոշումը։ Սրա համար անհրաժեշտ է երկու բան՝ 1) ուսումնասիրել թիրախը, 2) բացահայտել ձեր ռեսուրսները, որ կարող ենք օգտագործել նրանց վրա ազդելու համար:

Ջատագովության թիրախի, այսինքն՝ որոշում կայացնողի ուսումնասիրության համար անհրաժեշտ է պարզել մի քանի բան։

  • Առաջին՝ որոնք են որոշում կայացնողի շարժառիթները և շահերը։ Ինչն է որոշում կայացնողին մոտիվացնում իր պաշտոնում կամ իր դերում։ Արդյոք դա քաղաքական ամբիցիաներն են, հանրային կերպարը, բարեփոխումներ իրականացնելը, և այլն։
  • Երկրորդ՝ ովքեր են որոշում կայացնողի վրա ազդեցություն ունեցող անձինք և կառույցները։ Դա կարող են լինել պաշտոնյայի խորհրդականները, գործընկերները, տվյալ ոլորտի փորձագետները, մեդիան, հանրային կարծիք ձևավորող անձինք։
  • Երրորդ՝ ինչ համոզմունքներ ունի որոշում կայացնողը։ Թե ինչ համոզմունքների մասին է խոսքը, կախված է ձեր խնդրից և առաջարկվող լուծումներից։ Օրինակ, եթե դուք աշխատում եք գենդերային հավասարության խնդիր շուրջ, ձեզ կարող է անհրաժեշտ լինի պարզել, թե ինչ համոզմունքներ ունի թիրախը մարդկային հարաբերությունների, ընտանիքի, երեխաների, սեռականության, բարոյականության և կրոնի, պետության դերի, անհավասարության մասին։
  • Չորրորդ՝ տվյալ խնդրի հետ կապված ինչպիսի գիտելիքներ և փորձառություն ունի որոշում կայացնողը։ Որոշում կայացնողը կարող է ընդհանրապես տեղյակ չլինել խնդրի մասին, կարող է և հակառակը՝ ունենա հարուստ գիտելիք և փորձառություն։
  • Հինգերորդ՝ ում է հաշվետու որոշում կայացնողը։ Եթե նշանակովի քաղաքական պաշտոն է, հաշվետու է իրեն նշանակողին, իսկ եթե ընտրովի, ուրեմն՝ իրեն ընտրողներին։
  • Եվ վերջինը, որոնք են որոշում կայացնողի արժեքները և նրա համար կարևոր սոցիալական նորմերը։ Այն, թե ինչ արժեքներ է կրում որոշում կայացնողը, պայմանավորում է, թե ինչ տեսանկյունից է նա մոտենում տվյալ խնդրին։ Արդյոք նրա համար առավել կարևոր են անձի արժանապատվությունն ու ազատությունը, թե՞ իշխանությունն ու հաջողությունը, հոգատարությունն ու փոխօգնությունը, թե՞ անվտանգությունն ու հանրային կարգը։

Որոշում կայացնողին ուսումնասիրելուց հետո անցնում ենք հաջորդ քայլին և փորձում բացահայտել, թե ինչպիսի ռեսուրսներ ունեք դուք և ձեր աջակիցները։

  • Կարծիք/ձայն – զանգել, նամակ գրել որոշում կայացնողներին, մասնակցել ստորագրահավաքի, ցույցերի, կազմակերպել քննարկում ընկերների, հարևանների հետ
  • Հարաբերություններ – հրապարակումներ սոցիալական մեդիայում, ընկերներին բերել ցույցի կամ որոշում կայացնողների հետ հանդիպմանը, հրավիրել ընկերներին միանալ կազմակերպությանը/արշավին կամ տեղական նախաձեռնությանը
  • Քվեարկել – քվեարկել, կազմակերպել և ուղղորդել մյուս աջակիցներին
  • Փորձառություն – գրել, թե ինչպես է խնդիրը ազդում/ազդել նրանց վրա, կիսվել պատմությամբ ցույցի ընթացքում, հրավիրել որոշում կայացնողներին, ազդեցիկ անձանց խմբային քննարկումների
  • Ստեղծարարություն-հմտություններ – մասնակցել վիդեո-արշավի, գրել արշավի սլոգան կամ երգ, պոստեռ սարքել, ֆոտո ուղարկել, խնդիրը արձանագրել և բարձրաձայնել
  • Նյութական ռեսուրսներ – նվիրատվություն, սարքավորումներ, պոստեռներ/տրաֆարետներ բերել ցույցի, հանդիպումների անցկացման վայր տրամադրել իր տանը/գրասենյակում

Մասնակցային ջատագովություն

Բոլոր այս ռեսուրսները վերաբերում են խնդրի հետ առնչություն ունեցող մարդկանց և աջակիցներին, ովքեր կարող են իրենց սեփական ռեսուրսներն օգտագործելով ազդեցություն ունենալ որոշում կայացնոնղների վրա։

Մասնակցային ջատագովությունը միտված է մարդկանց զորեղացնելուն, որպեսզի նրանք կարողանան ազդել իրենց վերաբերող որոշումների կայացման և իշխանության ավելի հաշվետու և արդար ինստիտուտներ ձևավորելու վրա։ Ինչպես տեսանք Մեծ այրումի արշավի օրինակում, արշավի պլանավորումը և իրականացումը ներառական էր՝ ընդգրկելով խնդիրը կրող մարդկանց խնդիրների վերլուծության, ռազմավարությունների մշակման և որոշումների կայացման մեջ։

Այս ներառականությունը կարևոր է մի քանի տեսանկյունից․

  • Առաջին հերթին, այն ձևավորում է կարողություն խնդիրը կրողների շրջանում հետագայում ևս իրենց խնդիրները լուծելու համար։ Մեծ Այրումում արշավի ընթացքում բնակիչները ներգրավված են եղել արշավի պլանավորման մեջ՝ որոշելով, թե որն է արշավի նպատակը և ովքեր են թիրախները։ Նրանք նաև ակտիվ մասնակցել են արշավի գործողություններին՝ ստորագրահավաքի, մեդիայի հետ աշխատանքի, բողոքի ակցիաների և սոցցանցերի միջոցով։ Նրանք կախված չեն մնում տեղական ՀԿ-ից և հետագայում կարող են իրենք նախաձեռնել իրենց իրավունքների և շահերի պաշտպանությունը։
  • Երկրորդը, այս մասնակցայնությունը ձևավորում է արշավի պահանջի լեգիտիմությունը, թե՛ որոշում կայացնողների և թե՛ հանրության աչքերում։ Մասնակցայնությունը նաև հնարավորություն է ստեղծում տարբեր խմբերի հետ համագործակցություն ստեղծելու, ընդհանուր մոտեցում և ուժ ձևավորելու։

Ջատագովության արշավի գնահատումը

Կարճաժամկետ արդյունքներ․ խնդրի վերաբերյալ քաղաքականության քննարկումների աճ։ Ցանկալի ձևակերպումների և մեկնաբանությունների կիրառում խնդիրների և լուծումների մասին խոսելիս, քաղաքական պատրաստակամության բարձրաձայնում, օրենսդրական նախաձեռնություններ, բյուջետային առաջարկներ, որոնք արտացոլում են խնդրի և լուծումների վերաբերյալ ձեր մոտեցումները։

Երկարաժամկետ արդյունքներ․ որոշումների կայացման հարթակների հասանելիություն, երկարաժամկետ քաղաքականությունների մշակում և ընդունում, անհրաժեշտ ռեսուրսների և արդյունավետ կիրառման մեխանզիմների ապահովում։

Օժանդակ ռեսուրսներ

Համայնքի կազմակերպման և մասնակցային ջատագովության ձեռնարկ


Բեռնել

Ջատագովության պլանավորման ձեռնարկ


Բեռնել

Հետազոտություն Հայաստանում ջատագովության պրակտիկաների և մարտահրավերների մասին


Բեռնել

Քաղհասարակության կողմից ջատագովության օրինակներ, ինչպես արշավների, այնպես այլ ռազմավարությունների միջոցով


Բեռնել 

Հետազոտություն քաղհասարակության կողմից ջատագովության ներուժի վերաբերյալ

Բեռնել 

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Տարածել