Երբեմն արշավներ պլանավորելիս մեզ կարող է թվալ, որ մեր թիմը կամ կազմակերպությունը կարող է լինել կամ անել ամեն ինչ։ Իհարկե, սա իրատեսական չէ։ Այն, թե ինչպիսի գործողություններ կարող է կազմակերպությունն իրականացնել, հաճախ պայմանավորված է թե՛ ներքին գործոններով, թե՛ արտաքին։ Այն, թե ինչ պատմություն, մշակույթ ու կարողություններ ունի կազմակերպությունը, կարող է վերջինիս կա՛մ սահմանափակել գործողությունների ընտրության հարցում, կա՛մ զորեղացնել։ Երբեմն էլ արշավների հաջողությունը պայմանավորված է լինում համայնքում կամ երկրում տեղի ունեցող զարգացումներով, որոնց արագ արձագանքելու կարողությունը կարող է վճռորոշ լինել արշավի հաջողության համար։
Այս ներքին և արտաքին գործոնների ավելի թիրախային ուսումնասիրությունն անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպությունն ավելի հիմնավոր որոշումներ կայացնի արշավ պլանավորելիս։ Նման ուսումնասիրության համար ամենատարածված գործիքներից է SWOT վերլուծությունը։ Այն հնարավորություն է տալիս գնահատել մեր ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև գնահատել արտաքին միջավայրը՝ ինչպիսի մարտահրավերներ և հնարավորություններ կան։
Կազմակերպության կարողությունները գնահատելիս կարող եք մտածել մի քանի ուղղություններով։
Արշավի արտաքին միջավայրի գնահատման տեսանկյունից, մտածեք ինչպես ընդհանուր քաղաքական, տնտեսական և սոցիալական միտումների մասին, այնպես էլ նոր զարգացումների։ Գնահատման այս հատվածում կարող եք դիտարկել արդյոք՝
Ներքին | Strengths – Ուժեղ կողմեր | Weaknesses – Թույլ կողմեր |
Արտաքին | Opportunities – Հնարավորություններ | Threats – Մարտահրավերներ |
Աղյուսակը լրացնելուց հետո անհրաժեշտ է յուրաքանչյուր բաղադրիչի համար հասկանալ, թե ինչ նշանակություն է այն ունենալու արշավի համար։ Մասնավորապես՝
Արշավի իրականացման ընթացքում այս վերլուծական աշխատանքն ավելի ու ավելի կարևոր է լինելու։ Ցանկալի է, որ կազմակերպությունն ունենա կայուն ընթացակարգեր, թե ինչպես եք պատրաստվում պարբերաբար քննարկել ձեր փորձառությունը, գնահատել առաջընթացը, դասեր քաղել և, ըստ անհրաժեշտության, փոխել ձեր ռազմավարությունը։ Ռազմավարությունը գրեթե երբեք անփոփոխ չի մնում։ Արշավները հաջողում են, որովհետև կարողանում են պարբերաբար վերանայել այն։
Ելնելով SWOT գնահատումից, կարող ենք արդեն անցնել մարտավարությունների ընտրությանը։ Մարտավարություններն այն գործողություններն են, որով մենք ուղղակիորեն ազդում ենք թիրախ լսարանների վրա։ Այդ գործողությունները մեզ մոտեցնում են սահմանված արդյունքներին։
Ընդհանրապես, պլանավորման փուլում գործողությունների շուրջ մտածելիս ցանկալի է դուրս բերել բազմաթիվ գաղափարներ, որքան էլ դրանք սկզբում կարող են անհավանական կամ խնդրահարույց թվալ։ Այնուհետև կարող եք ընտրել այդ բազմաթիվ տարբերակներից՝ գնահատելով դրանք ըստ երկու չափանիշի՝ որքանով են ազդեցիկ թիրախ լսարանի համար և որքանով են իրատեսական։ Օրինակ, սոցիալական ցանցերում կրթությունից դուրս մնացած երեխաների և նրանց ընտանիքների մասին պատմություններն անհրաժեշտ ռեսուրսների պարագայում իրատեսական են։ Բայց նաև պետք է հասկանալ՝ արդյոք այն արդյունավետ է թիրախ լսարանի վրա ազդեցության տեսանկյունից։
Մեծ ազդեցություն | |||
Միջին ազդեցություն | |||
Ցածր ազդեցություն | |||
Քիչ ռեսուրս և ջանք պահանջող | Միջին ռեսուրս և ջանք պահանջող | Շատ ռեսուրս և ջանք պահանջող |
Այժմ անդրադառնանք մի քանի պրակտիկաների, որոնք տարբեր արշավների շրջանակում ապացուցել են իրենց արդյունավետությունը՝ արշավի գործողություններն ավելի հետաքրքիր և մասնակցային դարձնելու տեսանկյունից։
Առաջինը արշավի հուզական/էմոցիոնալ բաղադրիչին է վերաբերում։ Քաղհասարակության արշավները հաճախ միտված են թիրախ լսարանի մոտ վախ, ամոթ կամ մեղքի զգացողություն առաջացնելուն։ Թեև դրանք կարող են կարճաժամկետ առումով արդյունավետ լինել, այս հույզերը չեն կարող ապահովել կայուն ներգրավվածություն։ Վախի փոխարեն անհրաժեշտ է կենտրոնանալ հույսի վրա։ Հնարավորություն տվեք թիրախ լսարանին իրենց մաս զգալու մի բանի, որը դրական հույզեր է առաջացնում։ Ցույց տվեք, որ նրանք ազդեցություն ունեն, լուծման մաս կարող են լինել։ Օրինակ, ընտրությունների դիտորդություն իրականացնող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, դիտորդների մասին հանրային ընկալումները փոխելուն և նոր դիտորդներ հավաքագրելուն ուղղված արշավի շրջանակում ներկայացնում էր դիտորդների պատմությունները, ովքեր խոսում էին, թե ինչու է իրենց համար կարևոր այդ գործունեությունը, քանի որ դրանով նպաստում էին Հայաստանում ժողովրդավարության կայացմանը։
Երկրորդ հաջողված պրակտիկան հատկապես օգտակար է այնպիսի թեմաներին վերաբերող արշավների դեպքում, որոնց շուրջ հասարակությունը բևեռացված է կամ գերզգայուն է։ Կամ էլ այնպիսի հարցերի, որոնք մարդիկ կարող են համարել չափից ավելի շատ «քաղաքական» և խուսափել ներգրավվելուց։ Հայաստանում նման թեմաներ կարող են լինել գենդերային հավասարության, ԼԳԲՏ անձանց իրավունքների, խաղաղաշինության և այլ թեմաները։ Սակայն նույնիսկ այս պայմաններում մարդու հետաքրքրասիրությունն ու զարմանալու ունակությունը չի անհետանում։ Մտածեք, թե ինչպես կարող եք տարօրինակ կամ անսպասելի գործողությունների միջոցով գրավել լսարանի ուշադրությունը։ Սա ձեզ հնարավորություն կտա կարճ ժամանակով ունենալ բաց պատուհան, որի ժամանակ կարող եք կիսվել նոր գաղափարներով լսարանի հետ։ Օրինակ, մի խումբ ՀԿ-ներ իրականացնում էին արշավ, որի նպատակն էր պալիատիվ խնամքի մասին հանրությանը իրազեկելը։ Մահացու հիվանդության վերջին փուլում գտնվող հիվանդները չունեին ցավազրկման հնարավորություն՝ կառավարության որոշ սահմանափակումների պատճառով։ Արշավի շրջանակում կազմակերպությունները Երևանի բանուկ հատվածներից մեկում ամբողջովին մեխերով պատված մեծ աթոռ էին դրել՝ խորհրդանշելով այդ ցավը։
Շարունակելով անսպասելիության և անակնկալի բերելու թեման, արշավների համար կարևոր է տպավորիչ պատկերներ ստեղծելը։ Հասարակությունն ունի կարծրատիպային պատկերներ քաղհասարակության գործունեության մասին։ Դրանք կամ գրասենյակային աշխատողներ են, կամ էլ փողոցում պաստառներով բողոքավորներ։ Մտածեք, թե ինչ լուսանկար կուզենայիք տեսնել լրատվամիջոցներով ձեր արշավի մասին, որն անհնար կլինի մոռանալ։ Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստները պատրաստել էին ոսկեգույն գունդ և գլորում էին այն քաղաքի կենտրոնով։ Դա խորհրդանշում էր այն 70 տոննա ոսկին, որը պետք է ստացվեր հանքի շահագործումից։ Այդ պատկերը ակցիայի հաջորդ օրը մի շարք լրատվամիջոցների էջերում էր։
Այստեղ կարևոր է նաև թիրախային լինելը, թե ովքեր պետք է լինեն արշավի դեմքը, արշավի խոսնակները,ում փորձառություններն ու պատմություններն եք ուզում ներկայացնել։ Լսարանը հաճախ ունի կարծրացած ենթադրություններ, թե ով ինչպիսի դիրքորոշում ունի։ Ի՞նչ անսպասելի խոսնակներ կարող եք ներգրավել։ Օրինակ, քրեակատարողական հիմնարկում գտնվո՞ղը, որի հետ լսարանը չի նույնականացնում իրեն, թե՞ նրա ընտանիքի անդամը։ Հատկապես վարքագծի փոփոխության արշավների դեպքում, արդյունավետ են այն պատմությունները, որտեղ հերոսը դրսևորում է այդ արժեքային, վարքագծային փոփոխությունը, որը դուք խրախուսում եք։
Ներգրավվածության տեսանկյունից, կարևոր է նաև հիշել, որ հաճախ մարդիկ արշավին միանում են նպատակի համար, բայց մնում հարաբերությունների և համայնքի համար։ Ոչ ոք չի ցանկանում, որ իրեն վերաբերվեն որպես հերթական համար, հերթական կամավոր։ Ավելի անձնական մոտեցումն այստեղ կարող է օգնել։ Օրինակ, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն իր ֆոնդահայթայթման արշավի ժամանակ ոչ թե ընդհանրական շնորհակալական նամակ էր ուղարկել նվիրատվություն արած անձանց, այլ ավելի անհատական մոտեցում էր ցուցաբերել՝ տալով նրանց անվանական շնորհակալագրեր։ Ավելին, կազմակերպությունը հրավիրել էր նրանց մասնակցելու մի հավաքույթի, որի ընթացքում հնարավորություն են ունեցել ծանոթանալու ծրագրի շահառուների հետ, ինչպես նաև միմյանց հետ։
Արշավների մարտավարությունների շտեմարան 1
Արշավների մարտավարությունների շտեմարան 2
Արշավի պլանավորման ձեռնարկ, MobLab module 3
Արշավի խոսնակների ընտրության մասին
Քաղհասարակության կողմից արշավների օրինակներ