Արշավի ռազմավարությունը․ տեսլական, նպատակ և արդյունքներ

Արշավի ռազմավարությունը․ տեսլական, նպատակ և արդյունքներ

Հանրային արշավի պատրաստվելիս մեզ հավասարապես անհրաժեշտ է համարձակ երազել և գործնական պլանավորել։ Որպեսզի մեր գործունեությունն ունենա հստակ ուղղություն և որպեսզի կարողանանք ոգեշնչել այլոց, մենք պետք է խարսխենք մեր ձգտումներն այն ապագայի տեսլականին, որն ուզում ենք ունենալ։ Առաջնորդվելով այդ տեսլականով՝ մենք այնուհետև մեր առջև դնում ենք նպատակներ և սահմանում այդ նպատակներին հասնելու հստակ մարտավարություններ։

Երազանքից դեպի գործնական քայլեր այս հերթականությունը դիտավորյալ է արված։ Հաճախ մենք տարվում ենք արշավի մանրուքներով և մոռանում ենք, թե ինչու է այդ ամենը մեզ համար կարևոր։ Երբեմն տարվելով հավես գործողության որևէ գաղափարով դժվարանում ենք ուրիշներին ցույց տալ, թե ինչու ենք, ի վերջո, ուզում դա անել։

Արշավի տեսլականը

Ուստի եկեք սկսենք մեր երազանքից։ Ինչպիսի՞ հասարակություն ենք մենք ցանկանում ունենալ։ Ո՞րն է մեր ուտոպիան։ Այդ ուտոպիան կարող է երբեք էլ իրականություն չդառնալ, բայց հարցը դա չէ։ «Ուտոպիա» բառը հունարենում բաղկացած է երկու մասից՝ «u» ժխտական մասնիկից և topos` «տեղ» արմատից։ Այսինքն այն նշանակում է «ոչ մի տեղ»։ Մեր ուտոպիան, տեսլականը ոչ թե մեր նպատակակետն է, այլ մի իդեալ է, որը մեզ օգնում է կողմնորոշվել, թե որ ուղղությամբ է պետք գնալ։ Այս տեսլականն է, որ մեզ մոտիվացնում է առաջ շարժվել, և չհանձնվել դժվարությունների ժամանակ։

Մտածեք այն խնդրի մասին, որի շուրջ դուք աշխատում եք կամ ցանկանում եք աշխատել։ Հիմա պատկերացրեք, որ դուք հաջողել եք։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե դուք ունենայիք անսահման ռեսուրսներ, անթիվ կամավորներ, հանրային և քաղաքական աջակցություն, և ամեն ինչ ձեր ուզածով ստացվեր։ Ի՞նչ տեսք ունի հաջողությունը։

Օրինակ՝ պատկերացնենք, որ մենք աշխատում ենք, որպեսզի երեխաները դուրս չմնան դպրոցից իրենց սոցիալական վիճակի, հաշմանդամության, կամ այլ պատճառներով։ Մենք կարող ենք պատկերացնել մեր հաղթանակը, որ պետությունը մշակի արդյունավետ մեխանիզմ, որի միջոցով դպրոցից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաները բացահայտվում են և նրանց տրամադրվում է անհրաժեշտ աջակցություն։ Մենք կհասնենք նրան, որ դպրոցը, սոցիալական ծառայությունը, պոլիկլինիկան, ոստիկանությունը և բոլոր պատկան մարմինները արդյունավետ կհամագործակցեն միմյանց հետ՝ թույլ չտալու, որ որևէ երեխա դուրս մնա կրթությունից։

Բայց այստեղ չենք կանգ առնում։ Ի՞նչ կանեիք այդ հաջողությունից հետո։ Օրինակ, մենք կարող ենք հասնել նրան, որ ունենք իրական ներառական կրթություն, այսինքն՝ դպրոցական միջավայրը, ուսուցիչները, դասագրքերը, կրթական ծրագիրը, կրթական համակարգում ամեն ինչ կազմակերպվում և իրականացվում է՝ հաշվի առնելով տարբեր երեխաների առանձնահատկությունները։

Դարձյալ, էստեղ էլ հաջողեցինք, ի՞նչ ենք անում հետո։ Տվեք ձեզ այս հարցը առնվազն 5 անգամ, և շարունակեք մինչև որ կզգաք, որ այլևս անելու ոչինչ չկա։ Մինչև կպատկերացնեք մի հասարակություն, որտեղ դուք կերազեիք ապրել։ Օրինակ, եթե մենք շարունակենք հաջողել, ապա կունենանք մի հասարակություն, որտեղ ցանկացած երեխա ունի այս կյանքում իրեն բացահայտելու, դրսևորվելու, հաջողության հասնելու հավասար հնարավորություններ անկախ նրանից տղա, թե աղջիկ, հաշմանդամություն ունեցող, թե ոչ, եզդի, թե հայ, սոցիալապես ապահովված ընտանիքից, թե ոչ։

Հիմա մի պահ մտովի տեղափոխվեք այդ աշխարհ և փորձեք պատկերել այն․ ի՞նչ եք տեսնում։ Ձեր թիմով կարող եք նույնիսկ նկարել այդ ամենը։ Ահա սա այն է, ինչի համար դուք պայքարում եք։ Ինչի համար ամեն առավոտ արթնանում եք և անտրտունջ աշխատում։ Սա է նաև, որ մոտիվացնելու է ուրիշներին միանալ ձեզ։

Ռազմավարական պլանավորման կարևորությունը

Այժմ, երբ ունենք այն հասարակության տեսալականը, որին ձգտում ենք, ժամանակն է անցնել գործնական պլանավորմանը։ Երբեմն մեզ կարող է թվալ, որ պլանավորման կարիք չկա, որ պարզապես պետք է լինել հավատարիմ մեր արժեքներին և հետևողական մեր նպատակներին հասնելու հարցում։

Սակայն դա բավարար չէ։ Առանց մանրակրկիտ մշակված ռազմավարության, մեծ է հավանականությունը, որ մենք

  • Արդյունավետ չենք օգտագործի մեր ռեսուրսները և էներգիան
  • Չենք օգտագործի այն հնարավորությունները, որոնք կարող են օգնել արագացնել խնդրի լուծումը
  • Կլինենք արձագանքողի դերում։ Խնդրի վերաբերյալ օրակարգ թելադրողը կլինեն ուրիշները, որոնք միգուցե լրիվ հակառակ պատկերացումներ ունեն
  • Մեր թույլ կողմերը կսրվեն և ավելի խոցելի կդարձնեն մեզ

Ուստի, ռազմավարությունը մեզ անհրաժեշտ է հստակ նպատակներ սահմանելու, դրանց հասնելու ճանապարհին ընկած խոչընդոտները և հնարավորությունները բացահայտելու, և ելնելով համատեքստից, տարբեր դերակատարների շահերից, մեր կարողություններից նպատակին հասնելու տարբեր ճանապարհներ ուրվագծելու համար։

Ռազմավարական պլանավորման համար կարևոր են հետևյալ բաղադրիչները․

  • Նպատակ՝ ի՞նչ փոփոխություն ենք ուզում տեսնել արշավի ավարտին
  • Արդյունքներ՝ ի՞նչ պետք է տեղի ունենա արշավի ընթացքում, որպեսզի հասնենք նպատակին
  • Մարտավարություններ՝ ինչպե՞ս պետք է այդ ամենը տեղի ունենա, ի՞նչ գործողությունների արդյունքում

Խնդրից դեպի նպատակ

Նպատակը սահմանելու համար, պետք է հիշենք, որ արշավի դեպքում մենք ոչ թե վերցնում ենք խնդիրն ամբողջությամբ, այլ դրա շատ կոնկրետ մի բաղադրիչ և պրոակտիվ կերպով աշխատում դրա լուծման ուղղությամբ։ Այստեղ մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել մեր խնդիրը և բացահայտել դրա խորքային պատճառներն ու առաջնային հետևանքները։

Այս վերլուծությունը պատկերավոր անելու համար շատ պարզ, բայց և շատ արդյունավետ գործիք է խնդրի ծառը։ Այստեղ ունենք ծառի բունը, որը բուն խնդիրն է, ծառի արմատները խնդրի պատճառներն են, իսկ ճյուղերը՝ հետևանքները։

Օրինակ, կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրի պարագայում մեր ծառը այս տեսքը կունենա։ Երեխաները դուրս են մնում դպրոցից․ սա մեր խնդիրն է՝ ծառի բունը։ Պատճառները տարբեր են․ տարբեր մարմինները (օրինակ՝ ուսուցիչն ու սոցիալական աշխատողը) չգիտեն ինչպես արձագանքել, ինչո՞ւ․ որովհետև կարողություն չունեն։ Էլ ինչո՞ւ․ որովհետև չկա արդյունավետ կարգավորում, որ կսահմանի նրանց գործառույթներն ու լիազորությունները։ Մեկ այլ պատճառ էլ ավելի սոցիալական է և կենտրոնանում է ընտանիքի վրա։ Վերջիններս միգուցե հետևում են ավանդույթներին և դուրս են բերում երեխային դպրոցից մինչև ավարտելը, ինչպես, օրինակ, որոշ ազգային փոքրամասնությունների դեպքում է, կամ վատ սոցիալական պայմանների պատճառով ստիպված են երեխային վաղ տարիքից ներգրավել աշխատանքում։

Իսկ ինչ հետևանքներ ենք տեսնում։ Բնականաբար, երեխան զրկվում է որոշ գիտելիքներից և հմտություններից, ինչպես նաև իր կրթությունը բուհում շարունակելու հնարավորությունից։ Երեխան կտրվում է իր սոցիալական միջավայրից և հասակակիցների հետ շփվելու հնարավորությունից։ Սահմանափակվում են աշխատանք գտնելու նրա հնարավորությունները։

Այս վերլուծությունը մեզ օգնում է սկսել մտածել այն մասին, թե որ փոփոխություններն են գտնվում մեր ազդեցության գոտում։ Արդյո՞ք մենք անդրադառնում ենք խնդրի պատճառներին, թե՞ հետևանքներին։ Արդյո՞ք մենք փորձում ենք լուծել օրենսդրական բացերը, փոխե՞լ մարդկանց վարքագիծը, թե՞ մեղմել կամ վերացնել հասցված վնասը։ 

Առաջնահերթություններն ընտրելը կարող է բարդ լինել, ուստի անհրաժեշտ է մշակել ընտրության հստակ չափանիշներ։

Խնդրի ընտրության չափանիշներ

Նշեք խնդիրները և յուրաքանչյուրի համար պատասխանեք նշված հարցերին։ Յուրաքանչյուր այո պատասխանի դեպքում սյունակում գրեք 1, ոչ-ի դեպքում՝ 0:

Արդյոք խնդիրը լուծելը․․․

Խնդիր 1

Խնդիր 2

Խնդիր 3

Կհանգեցնի մարդկանց կյանքի բարելավմանը

Կհաղթահարի մարդկանց անզորության զգացումը

Հիմք կդառնա կայուն կազմակերպական կառուցվածքների

Կբարձրացնի իրազեկվածությունը իշխանության և իրավունքների մասին

Իրատեսական է

Ազդեցությունը կզգան շատերը

Ազդեցությունը կլինի նշանակալի

Հեշտ կլինի հաղորդակցվելը և հասկանալը

Կունենա հստակ թիրախներ

Կունենա հստակ ժամանակային սահմանափակում

Հակասական չի ընկալվի աջակիցների շրջանում

Համահունչ կլինի մեր արժեքների և տեսլականի հետ

Կհեշտացնի ֆոնդահայթայթումը

Հնարավոր կլինի կապել այլ խնդիրների հետ

Երբ կայացնենք որոշումը, թե խնդրի որ բաղադրիչն ենք փորձում լուծել, կարող ենք արդեն ձևակերպել արշավի նպատակը՝ ի՞նչ ենք մենք ցանկանում փոխել։ Օրինակ՝ մենք ուզում ենք, որ կառավարությունը մշակի հստակ կարգավորումներ կրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և դպրոց ուղղորդելու վերաբերյալ, մենք ուզում ենք ծնողները չներգրավեն երեխային աշխատանքում՝ նրա կրթության հաշվին, և այլն։

Ինչպես արդեն հասկանում եք, այս որոշումից կախված, մենք նաև կողմնորոշվում ենք, թե ինչ տեսակի արշավ ենք իրականացնելու՝ վարքագծի փոփոխության, ջատագովության, ծառայության կամ պրոդուկտի առաջխաղացման, թե ֆոնդահայթայթման։

Արշավի փոփոխության տեսությունը

Նպատակը սահմանելուց հետո անցնում ենք ռազմավարության հաջորդ բաղադրիչին՝ արդյունքներին։ Արդյունքները շատ հստակ ուղենիշներ են, որոնք ցույց են տալիս մեր առաջընթացը դեպի արշավի նպատակը։ Այստեղ մենք դեռ չենք խոսում գործողությունների մասին, այլ այն փոփոխությունների, որոնք անհրաժեշտ են, որպեսզի արշավի նպատակը իրականություն դառնա։

Պատկերացրեք արշավի արդյունքները որպես առաջխաղացման աստիճաններ դեպի արշավի նպատակը։ Պատկերացնենք՝ մենք անում ենք արշավ, որպեսզի մեր մարզում պատկան մարմինները բացահայտեն դպրոցից դուրս մնացած երեխաներին և օգնեն վերադառնալ դպրոց։ Կարող ենք մտածել հետևյալ արդյունքների մասին՝

  • Ձևավորվել են դպրոցից դուրս մնացած երեխաների ծնողական խմբեր բոլոր համայնքներում
  • Դպրոցների և սոցիալական ծառայությունների աշխատողների հետ անցկացվել են իրազեկման հանդիպումներ իրենց պարտականությունների վերաբերյալ
  • Մեդիայում հրապարակվել են նյութեր խնդրի և լուծումների մասին
  • Ծնողների կողմից ստորագրված նամակ է ուղարկվել համայնքային, մարզային և պետական մարմիններին

Այս բոլոր արդյունքները ցույց են տալիս մեր փոփոխության տեսությունը։ Այսինքն, մենք ենթադրում ենք, որ եթե լինի սա, սա, սա, ապա կհասնենք արշավի նպատակին։ Իհարկե, փոփոխության հասնելու շատ տարբեր ճանապարհներ կարող են լինել։ Ուստի կարևոր է, որ մենք քննարկենք միմյանց հետ, փորձենք հնարավորինս հիմնավորել, թե ինչու ենք կարծում, որ այդ փոփոխությունները, ի վերջո, կհանգեցնեն մեր նպատակին։ Ուշադրություն դարձրեք, որ արդյունքները ձևակերպված են որպես կայացած փոփոխություն, այլ ոչ թե գործողություն։

Արդյունքներ սահմանելը պահանջում է երկար մտորումներ, քննարկումներ և բանավեճեր։ Լավ սահմանված արդյունքները կոնկրետ են, չափելի, իրատեսական, նպատակային և հստակ ժամանակով սահմանափակված։

Հիշեք, որ լավ սահմանված արդյունքները բացի նրանից, որ կարևոր են արշավի պլանավորման համար, դրանք նաև նպաստում են, որ մենք և մեր թիմակիցները, ինչպես նաև մեզ միացող կամավորներն ու համախոհները, հստակ պատկերացնեն, թե ինչ ենք մենք փորձում անել, և ինչպես նրանք կարող են աջակցել։

Եվ վերջում, կարևոր է հիշել, որ արշավի նպատակն ու արդյունքները սահմանելու այս փուլում շատ կարևոր է ներգրավել հենց այն մարդկանց, ում վրա անմիջապես ազդում է խնդիրը։ Քանի որ արշավները պետք է մասնակցային լինեն, հաճախ կարող է ստացվել այնպես, որ մենք խնդիրը մի տեղ տեսնենք, իսկ մեր համայնքը կամ շահառուները՝ մեկ այլ տեղ։

Օժանդակ նյութեր

Արշավի պլանավորման ձեռնարկ, MobLab module 1, Section 1 & 2


Բեռնել

Տարածել