Արշավի իրականացումը ենթադրում է բուն գործողություններին զուգահեռ պարբերաբար իրականացվող դիտարկում, կշռադատում և գնահատում: Երբ մենք կյանքի ենք կոչում արշավի գործողությունների ծրագիրը, մենք նաև հետևում ենք, թե ինչպես է այն աշխատում՝ համեմատելով մեր նախնական ծրագրի հետ: Մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչն է գերազանցում մեր ակնկալիքները, ինչը չի ստացվում և ինչ միգուցե հաշվի չենք առել պլանավորման ժամանակ: Այս կերպ մենք կարող ենք հենց արշավի ընթացքում վերանայել ռազմավարությունը և մտածել նոր ճանապարհներ նպատակին հասնելու համար։
Նախատիպի փորձարկում
Արշավի մեկնարկը չի սկսվում անմիջապես լայնածավալ գործողություններով։ Բիզնեսում որևէ արտադրող չի սկսում իր ապրանքի մասայական արտադրություն՝ առանց դրա նախատիպը փորձարկելու։ Սա օգնում է խնայել նրանց ժամանակն ու ռեսուրսները՝ բացահայտելով պոտենցիալ խնդիրները նախքան վերջնական արտադրությունը։ Ինչպես նաև, նախատիպի փորձարկումը օգնում է համոզված լինել, որ պրոդուկտը հենց այն է, ինչ թիրախ լսարանը պատրաստ կլինի գնել:
Նույն տրամաբանությամբ, հանրային արշավներ իրականացնելիս մենք չենք կարող հաստատ իմանալ, թե ինչպես այն կընթանա, քանի դեռ չենք փորձարկել։ Քանի դեռ ամեն ինչ մեր թիմի ուղեղում է կամ թղթի վրա, մենք հնարավոր է՝ չնկատենք պլանավորման մեջ մեր խնդիրները։
Նախատիպ պատրաստելը և փորձարկելը շատ պարզ գործընթաց է՝ բաղկացած 4 քայլից։
- Մշակեք գործողության նախնական տարբերակը
- Ցույց տվեք այն մարդկանց
- Հարցրեք նրանց կարծիքը
- Կատարեք փոփոխություններ
Նախատիպի փորձարկումը կարող է լինել ինչպես պլանավորված գործողությունը ավելի փոքր մասշտաբով անելը, այնպես էլ պարզապես գաղափարն այլ մարդկանց հետ քննարկելը։ Կապվեք ձեր արշավի հետ կապ չունեցող երեք հոգու հետ, իդեալական տարբերակում՝ թիրախ լսարանից, և մանրամասն ներկայացրեք, թե իրենց տեսանկյունից ինչ է տեղի ունենալու արշավի ընթացքում։ Կարող եք նույնիսկ այդ ամենն ավելի պատկերավոր ներկայացնել՝ սկետչի, նկարների միջոցով։ Այնուհետև հարցրեք նրանց կարծիքը։
Ի՞նչ արդյունքներ կարող են լինել պրոտոտիպը փորձարկելու շնորհիվ։ Օրինակ, եթե տեսանյութերի շարք եք նախատեսել, պատրաստեք միայն մեկը, նույնիսկ ավելի պարզ՝ հեռախոսով նկարած, և ցույց տվեք լսարանին։ Կարող եք պարզել՝ լսարանը խոսնակի նկատմամբ ինչ վերաբերմունք ունի, արդյոք հասկանալի է հիմնական ասելիքը և այլն։ Տպագիր և թվային իրազեկող նյութերի նախատիպը փորձարկելը կարող է օգնել վերհանել ինչպես նյութի մատչելիության, այնպես էլ բովանդակության բացերը։ Եթե հանրային միջոցառում եք կազմակերպելու, փորձարկումը կօգնի պատկերացում կազմել ձևաչափի պատշաճության, լսարանի հնարավոր արձագանքի, և այլնի վերաբերյալ։
Նախատիպի փորձարկումը պարտադիր չէ, որ շատ ժամանակատար լինի։ Սակայն, ամեն դեպքում, ցանկալի է ժամանակ ծախսել արշավի սկզբում, որպեսզի ժամանակ խնայեք ավելի ուշ:
Ընթացիկ մշտադիտարկում և գնահատում
Արշավի ազդեցության գնահատման վերաբերյալ թյուր կարծիք կա, որ դա մի բան է, որը տեղի է ունենում միայն արշավից հետո։ Սակայն կարևոր է, որ գնահատումը լինի հենց արշավի ընթացքի մաս։ Մի քանի մեթոդներ, որ կարող եք կիրառել արշավի ընթացքում արդյունավետությունը գնահատելու համար․
- Առաջին հերթին որոշեք, թե ինչ ցուցանիշներով եք գնահատելու գործողության արդյունավետությունը։ Սա հնարավորություն կտա արշավի ընթացքում հետևել, թե ինչ առաջընթաց կա արշավի արդյունքներին հասնելու տեսնակնյունից։
- Հատկապես հանրային միջոցառումների դեպքում կարող եք ընթացքում դիտարկել և կատարել անհրաժեշտ փոփոխություններ։ Օրինակ, ձեր համայնքում իրազեկման ակցիա եք իրականացնում և փոքր տաղավար եք տեղադրել համայնքի բանուկ մի հատվածում։ Թիմի անդամներից մեկը կարող է մի փոքր հեռվից դիտարկել՝ արդյո՞ք մարդիկ կանգ են առնում և նկատում։ Արդյոք մոտենում են, ցույց տալիս, խոսում ուրիշների հետ, թե անտեսում և անցնում։ Ի՞նչ հույզեր ենք նկատում։ Եթե մոտենում են, պարզապես բուկլե՞տ են վերցնում, թե՞ նաև հարցեր տալիս կամ կարծիքով կիսվում։ Ի՞նչ են ասում։
- Եվ վերջում, պարզապես հարցրեք մարդկանց։ Արշավի ընթացքում հետևողականորեն պետք է ապահովել հետադարձ կապի հավաքագրում արշավի մասնակիցներից։ Դա կարելի է անել ինչպես սոցցանցերում, խնդրելով, որ հետևորդները կիսվեն իրենց կարծիքներով, այնպես էլ միջոցառումների մասնակիցների հետ զրույցների միջոցով։ Մակերեսային արձագանքից խուսափելու համար ցանկալի է ստանալ լսարանի արձագանքն այն մասին, թե ինչ են նրանք մտածում արշավի գործողությունների մասին, ինչ են զգում՝ ներգրավվելով այդ գործողություններին, և ինչ են պատրաստվում անել խնդրի վերաբերյալ։
Փաստաթղթավորում
Արշավների իրականացման ընթացքում տարածված բացթողումներից մեկը դրա պատշաճ փաստաթղթավորումը չիրականացնելն է։ Փաստաթղթավորումը հաճախ արվում է միայն դոնոր կազմակերպությանը հաշվետվություն ներկայացնելու համար։ Սակայն լավ արված փաստաթղթավորումը կարող է ծառայել նաև այլ նպատակների։
Պատրաստելով տեսանյութեր ինչպես արշավի առանձին գործողությունների, այնպես էլ ամբողջ արշավի մասին, մենք հնարավորություն ենք ունենում երկարաձգել այդ գործողությունների ազդեցությունը նաև արշավի ավարտից հետո, քանի որ դրանք շարունակում են հասանելի մնալ թիրախ լսարանի և այլ շահակիրների համար։
Նման տեսանյութը կարող է գրավել ոմանց ուշադրութունը, ովքեր դեռ սկզբնական շրջանում չեն իմացել արշվի մասին, բայց հետաքրքրված են թե՛ խնդրով, թե՛ նրանով, թե ինչպես է արշավը փորձել լուծել խնդիրը։
Եվ իհարկե, փաստաթղթավորումը կարևոր է արշավի արդյունքները ցույց տալու տեսանկյունից։ Պետք է որոշում կայացնել, թե ում եք ներկայացնում այդ արդյունքները, ովքեր են կազմակերպության հաշվետվողականության թիրախ լսարանները։
Արդյունավետության ցուցիչներ
Արշավների արդյունավետությունը գնահատելիս պետք է ունենալ երկու տեսակի ցուցիչներ՝ գործողության և ազդեցության։ Գործողության ցուցիչը վերաբերում է ձեզ, իսկ ազդեցության ցուցիչը թիրախ լսարանին։ Օրինակ՝ գործողության ցուցիչ է՝ 5 տեսանյութ, յուրաքանչյուրը՝ 100 դիտում, ազդեցության ցուցիչ է՝ այդ 100 դիտողներից 50-ի մոտ ինչ փոփոխություն է արձանագրվել։
Հաղորդակցության գնահատման համար կիրառվում են տարբեր գործիքներ՝ պայմանավորված ցուցիչի տեսակով։ Գործողության ցուցիչները հիմնականում քանակական են և վերաբերում են հաղորդակցության միջոցներին և թիրախ լսարանի ներգրավվածությանը։ Ավելի դժվար է գնահատել ազդեցության ցուցիչները, որոնք հաճած պահանջում են խորքային, երկարաժամկետ ուսումնասիրություներ, և իրականացվում են ֆոկուս խմբերի, մեդիայի մշտադիտարկման, հարցումների և այլ միջոցներով։
Օժանդակ նյութեր
Mobilization Lab, Module 4
Բեռնել
Արշավի ազդեցության գնահատման ցուցիչներ, էջ 26-28
Բեռնել
Արշավի ազդեցության գնահատման մասին
Բեռնել